Բրազիլիայի Ռիո-դե –Ժանեյրո եւ Սան-Պաուլու քաղաքների էլեկտրամատակարարումը վերականգնվել է` "Իտայպու" ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարից 2.5 ժամ անց: Ռիո-դե –Ժանեյրում էլեկտրաէնէրգիան, որն անջատվել էր տեղական ժամանակով 10:15-ին, կրկին հայտնվել է 00:37-ին:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, վթարի հետեւանքով առանց լույսի էր մնացել Բրազիլիայի բնակչության մեկ քառորդը` մոտ 50 միլիոն մարդ: Էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրները սկսվել են Ուրուգվայում, որը նույնպես էներգիան ստանում է "Իտայպու" ՀԷԿ-ից:
Բրազիլիայի ռադիոն հաղորդել է, որ վթարն առաջացել է Բրազիլիա եւ Բելու-Օրիզոնտու քաղաքներում առաջացած էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումների պատճառով:
Ֆինանսական մայրաքաղաք Սան-Պաուլուում, որտեղ 12 միլիոն մարդ է ապրում, կանգ էր առել մետրոն, հազարավոր մարդիկ "փակվել են" գետնի տակ եւ ստիպված են եղել երկար քայլել գծերի վրայով, որպեսզի հասնեն կայարան եւ դուրս գան քաղաք: Տեղական ժամանակով 22:30-ին Ռիո-դե-Ժանեյրոյում, որը 6 միլիոն բնակչություն ունի, դադարել են աշխատել լուսացույցերը, ինչը հանգեցրել է տրանսպորտային խցանումների:
Օդանավակայաններն աշխատում էին նորմալ ռեժիմով, բայց ուղեւորները չէին կարողանում տեղ հասնել, քանի որ վարորդները հրաժարվում էին երթեւեկել գիշերային փողոցներում:
Իշխանությունները իրավապաշտպան մարմինների մոբիլիզացիա են հայտարարել եւ դիմել բնակչությանը` խնդրելով չշրջել չլուսավորված փողոցներում:
Էլեկտրաէներգիայի խափանումը տեղի է ունեցել "Իտայպու" ՀԷԿ-ում առաջացած արտակարգ իրավիճակի պատճառով: Կայանի շրջակայքում մոլեգնող փոթորիկը ծանաբեռնվածություն է առաջացրել ցանցում, ինչը բերել է առանձին հատվածներում հոսանքի դադարեցման եւ հովհարային անջատումների` դոմինոյի սկզբունքով: Որոշ ԶԼՄ-ների վարկածները, թե աղետը հակերների գործունեության հետեւանք է, Բրազիլիայի իշխանությունները կտրուկ հերքել են:
"Իտայպու" ՀԷԿ-ը ապահովում է Բրազիլիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի 20% եւ Պարագվայի` 90%-ը: Այդ երկիրը գիշերը 15 րոպեով հայտնվել է լրիվ մթության մեջ, որից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: