Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն դիմել է մի շարք երկրների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների` օգնություն խնդրելով միասին պայքարելու երկրում բռնկված գրիպի համաճարակի դեմ:
Նշենք, որ Ուկրաինայում գրիպի համաճարակի և սուր շնչառական վիրուսի հետևանքով մահացել է 53 մարդ: Այդ մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը:
"Ուկրաինայի ազգային անվտանգությանն սպառնացող վտանգը
պահանջում է ինձանից դիմել մերձավոր ընկերներին ու ռազմավարական գործընկերներին անհապաղ օգնություն տրամադրելու համար", -Ուկրաինայի նախագահը նման բովանդակությամբ նամակ է գրել Բելառուսի, Հունգարիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, ԱՄՆ-ի նախագահներին, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահին ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին:
Առողջապահության նախարարության տվյալներով, Ուկրաինայում ընդհանուր առմամբ գրիպով վարակվել է 184 919 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 7 383-ը:
Կառավարությունը կարանտին է հայտարարել երկրի արևմտյան հատվածի ինը շրջաններում: