ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Իրական պատմություն` 158 օր "էկզոտիկ" գերության մեջ…

                          պատմում է աֆրիկյան գերի, երկրաբան Վլադիմիր Կիրակոսյանը



Ինչ գործ ուներ հայը Մոզամբիկում

1981 թվականն էր։ Աշխատում էի Հայաստանի երկրաբանական վարչությունում։ Ինձ` սովետական միության այլ երկրների մասգագետների հետ միասին, ուղարկեցին Մոզամբիկ աշխատելու` որպես երկրաբան։ Այնտեղ պետք է հետազոտեինք հազվագյուտ մետաղների հանքավայրեր։ Աֆրիկա մեկնեցի ընտանիքիս` կնոջս եւ տղայիս հետ։ Գարուն էր։ Ինձ ուղարկել էին երեք տարով, բայց կինս ու որդիս մնացին այդտեղ մեկ տարի, որովհետեւ ապրելու պայմանները շատ վատ էին։ Բնակարանից չէինք բողոքում, դեռեւս պորտուգալացիներից մնացած մի չքնաղ առանձնատուն էր, բայց դե Աֆրիկայում այն ժամանակ էլ էր սով, հասարակ բաները` հացը, կաթը, պանիրը դժվար էին ճարվում։ Էլեկտրական հոսանք չէր լինում հաճախ, իսկ մենք այն ժամանակ դրան դեռ սովոր չէինք։

Սկզբում գնացինք մայրաքաղաք` Մապուտու, հետո մեկնեցին Նամպուլա, որը գտնվում է Մոզամբիկի հյուսիսում։ Այնտեղ, ինչպես ասում են, տնավորեցինք, իսկ մեկ շաբաթ հետո ինձ ուղարկեցին, երկրաբանների լեզվով ասած, դաշտում աշխատելու` այսինքն սարերում, դաշտերում, անտառներում երկրաբանական - որոնողական աշխատանքները կատարելու։ Այդ օրվանից սկսվեց իմ ծանոթությունը աֆրիկական այդ պետության հետ։



Մի քիչ Մոզամբիկի մասին


Մոզամբիկը չքնաղ երկիր էր։ Եվ շատ բաներ մեզ համար զարմանալի էին, օրինակ, կլոր տարի միշտ 12 ժամ ցերեկ էր, 12 ժամ` գիշեր։ Այսինքն` ամեն օր առավոտյան 7-ին զարթնում էինք, եւ երեկոյան 7-ին արդեն մութն ընկնում էր, իսկ մենք սովոր էինք, որ ամռանը մութը պիտի 9-ից հետո ընկնի։ Մոզամբիկն այդ տարիներին նոր էր դուրս եկել պորտուգալական գաղութի կարգավիճակից։ Նախագահը Սամուրա Մաշիլն էր, ով սոցիալիզմի ջատագով էր եւ սերտ կապերի մեջ էր Սովետական Միության հետ, երազում էր ստեղծել մի պետությունում որտեղ բոլորը երջանիկ կլինեն։ Բայց գաղութային որոշ "սովորություններ" Մոզամբիկում դեռ մնացել էին, օրինակ երբ փողոցով սպիտակամորթ էր գալիս,  ժողովուրդը` նեգրերը, զգաստանում էին, ինչպես պորտուգալացիներն էին սովորեցրել, լուռ կանգնում էին այնքան ժամանակ մինչեւ սպիտակ մարդն անցնի։ Իրենք` հասարակ մարդիկ, կարծես միամիտ  երեխաներ լինեին ու շատ բարեհամբույր էին, հարգանքով էին վերաբերվում սպիտակներին, որովհետեւ համոզված էին` նրանք եկել են իրենց լավություն անելու։  Ապրում էին շատ աղքատ` ցնցոտիներ հագներին, հացի երես չէին տեսնում, որովհետեւ հացը թխվում էր հազվադեպ, այն էլ միայն սպիտակամորթների համար։ Իսկ իրենք ուտում էին մանդիոկա, որը գետնախնձորի նման մի բան էր, օգտագործում էին խաշած բրինձ, ու դա համարում էին շատ նորմալ սնունդ։

Ինձ հաճախ են հարցնում, թե Աֆրկայում առյուծ կամ փիղ տեսե՞լ ես։ Շատերին թվում է, որ հենց մտնես Աֆրիկա այդ կենդանիները միանգամից կհարձակվեն վրադ, դու էլ ստիպված կլնես փախչել ու մի կերպ փրկվել կամ չփրկվել։ Բայց ոչ, այնտեղ առյուծ կամ փիղ տեսնելը այդքան էլ հեշտ չէր, նրանք ապրում էին այնտեղ, որտեղ մարդը ոտք չէր դնում։



Հանկարծ ու…. գերություն


Դա եղավ 1983 թվականի օգոստոսի 21-ին։ Մենք արդեն հասցրել էին աշխատել տարբեր տեղերում։ Երբ դեպքը տեղի ունեցավ, մենք Մոռուա կոչվող բնակավայրում էինք, որտեղ հազվագյուտ մետաղների մեծ հանքավայր կար ու հարստացման ֆաբրիկա էր կառուցված։ 28 հոգի էինք` երկրաբաններ ու բուրավիկներ, մի քանիսն էլ` կենտրոնական "շեֆերից" այդ օրերին եկել էին մեր աշխատանքներին ծանոթանալու, ու իրենց բախտն էլ չբերեց…

Ամսի 20-ի գիշերը շատ սովորական անցավ, մի քիչ վոլեյբոլ խաղացինք ու գնացինք քնելու։ Առավոտյան ժամը 4-ի կողմերը արթնացանք աղմուկից։ Դուրս եկանք ու տեսանք, որ օդում գնդակներ են սուրում. կրակոցեր էին։ Սկզբում մտքներովս ոչ մի վատ բան չանցավ, որովհետեւ մեր գյուղը հսկվում էր մի փոքր զորամասի կողմից, մտածեցինք, թե նրանք են զորավարժություն անում։ Բայց հետո մեր բնակավայրում սկսեցին ռումբեր պայթել, հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է ու իրական։ Բոլորս շատ արագ հավաքվեցինք տնակներից մեկում` 26 հոգի, մյուս երկուսը մնացին ուրիշ տան մեջ, ու մենք այդպես էլ չիմացանք, թե նրանց հետ ինչ եղավ։ Չգիտեինք ինչ անել։ Մեզ պաշտպանող զինորներից մեկն եկավ ու ասաց, որ երկրի ընդդիմադիր ահաբեկչական ուժերի կողմից հարձակում է կատարվել, եւ մարտ է տեղի ունենում։ Մենք ղեկավար ունեինք, իսկ սովետի ժամանակ պիտի ղեկավարիցդ հարցնեիր ամեն ինչ։ Մենք էլ մոտեցանք ու հարցրինք` ի՞նչ անենք։ Ղեկավարն էլ թե` ուղեցույցի համաձայն նման դեպքերում պետք է սպասել։ Բայց դե ինքը շատ վախեցած էր ու չէր էլ հասկանում` ինչ է խոսում, դրա համար որոշեցինք այնուամենայնիվ փախչել, պետք էր միայն անցնել գետը, մտնել անտառ ու ցրվել։ Երբ դուրս եկանք տնակից, հասկացանք, որ արդեն ուշ է. զինվորները նահանջել ու փախչում էին, իսկ մեզ էլ ձեռքով-ոտքով հասկացնում էին` ձեր գլխի ճարը տեսեք։ Քիչ անց արդեն շրջափակված էին։ Շատ սարսափելի րոպե էր, հավաքվեցինք սենյակներից մեկում ու պառկեցինք գետնին։ Այդ պահին մտածում էի` տեսնես գնդակը առաջինը ո՞րտեղիս կկպչի, ոտքի՞ս, ձեռքի՞ս, թե՞` միանգամից գլխիս։ Մեզնից երկուսը կողքի սենյակում էին պառկած. երբ հարձակվողները մոտեցան մեր տնակին, մի հատ նռնակ գցեցին այդ սենյակ. Տունը երերաց, մի հատ էլ գերան ընկավ։ Հետո պարզվեց, որ տղաներից մեկը վիրավորվել էր նռնակից, կանտուզիա էր ստացել, բայց դե կենդանի մնաց, բախտը բերեց։ Ահաբեկիչները հրամայեցին դուրս գալ։ Ես երկրորդը դուրս եկա։ Մեզնից միայն ես էի, որ շատ լավ պորտուգալերեն գիտեի, որովհետեւ արդեն 2 տարուց ավելի աշխատել էի Մոզամբիկում։ Մոտեցա զինվորներից մեկին ու ասացի, որ զենք չունենք։ Լավ գիտեի, որ այդ երկրում զենք ունեցող ցանկացած մարդ այլեւս հասարակ, խաղաղ քաղաքացի չի համարվում, ու նրան կարող են դատել զիվորական դատաստանով, այսինքն` տեղում գնդակահարելով։ Բայց, ճիշտն ասած, մենք զենք ունեինք, որսի համար էինք օգտագործում, ուղղակի հասցրել էինք պահարանի հետեւում թաքցնել։ Տնակից դուրս հանելուց հետո բոլորիս խուզարկեցին, վերցրին բոլոր արժեքավոր իրերը` ֆոտոապարատները, ժամացույցերը, ու շարք կանգնացրին։ Այդ պահին մտքներովս ինչ ասեք անցնում էր. կարող է գնդակահարեին, հնարավոր է եւ բաց թողնեին։ Դե առաջին անգամ էին գերի ընկնում, չգիտեինք` ինչը ոնց է։ Այդպես շարքով տարան գյուղի հրապարակ ու սկեցին լոզունգներ կարդալ` կորչի պրեզիդենտ Սամուրա Մաշիլը, վիվա եսիմ ինչ, մենք հաղթեցինք, սովետական մասնագետներին գերի վերցրինք, իշխանություն մերն է, կեցցենք մենք։ Ասեմ, որ այդ ժամանակ Մոզամբիկում լարված քաղաքական դրություն էր, կային ընդդիմադիր ուժեր, ովքեր կողմ էին ոչ թե սոցիալիստական, այլ կապիտալիստական հարաբերություններին։ Նրանք թաքնվում էին անտառներում, զինված էին ու ժամանակ առ ժամանակ հարձակվում էին խաղաղ բնակչության եւ արտասահմանցիների վրա։ Հենց նրանց ձեռքն էլ մենք ընկել էին։ Երբ կարդացին իրենց լոզունգները ու համոզված բացականչեցին, թե հաղթել են, ես սկսեցի մտածել, որ լավ, իրենց ուզածին հասան, մեզ բաց կթողնեն, բայց ոչ, նորից շարք կանգնացրին ու քշեցին անտառ։ Ճանապարհին մեզնից մեկին հաջողվեց մի լքված շինության մեջ թաքնվել, նրան այդպես էլ չգտան։ Անտառով քայլելիս ես սկսեցի զինվորներից մեկի հետ խոսել (նրանք ի միջայլոց զինվորական հագուստով չէին, այլ` ջինսերով), նա հարցրեց, թե ովքեր ենք, ես էլ պատասխանեցի, որ երկրաբաներ ենք։ Սա էլ` բա եթե երկրաբաններ եք, ինչու՞ է ձեր հագուստը կանաչ` զինվորականի նման։ Ես էլ ասացի` հիմա մենք ի՞նչ մեղք ունենք, որ մեր համազգեստը այդ գույնի է։ Հետո էլ խոսք բացեցի, որ մեզ իզուր են պատանդ վերցրել, մեզնից ի՞նչ օգուտ, ավելորդ բեռ ենք, ավելի լավ է` բաց թողնեն։ Զինվորն էլ պատասխանեց, որ հիմա այդ մասին կխոսի իր ղեկավարի հետ։ Ղեկավարը եկավ, խորամանկ աչքերով մի նեգր էր։ Եկավ ու "պրիկլադով" հարվածեց ինձ, կարգադրեց այլեւս ոչ մի բառ չխոսել, լուռ քայլել։  Երբ մեզ "վերցրին", առավոտյան ժամը 7- ն էր արդեն, ու այդպես մինչեւ երեկոյան 10-ը տարան, երեւի մի 30-40 կլիոմետր քայլեցինք` առանց հանգստանալու։ Ակնհայտ էր, որ իրենք ուզում էին հնարավորինս խորանալ ջունգլիներում, որպեսզի կառավարական զորքերը մեզ չգտնեն։

Առաջին գիշերը քնեցինք անտառում. խարույկ վառեցին, մի քիչ մանդիոկա տվեցին ուտելու, ու պառկեցրին գետնին։ Զարմանալի է, բայց շատ խաղաղ երազ տեսա, ու երբ արթնացա, հավատս չեկավ, որ գերի եմ. այդպես մենք բոլորս մի քանի օր ապրեցինք կարծես երազում, չէինք կարողանում ընդունել իրականությունը։ Հետո եւս երեք օր մեզ տարան ու տարան` դեպի իրենց կենտրոնական բազա։ Երեք օր ուտելու բան գրեթե չտվեցին, որպեսզի հյուծվենք, ուժասպառ լինենք, որ չկարողանանք փախչել կամ դիմադրել։ Բերեցին, հասցրին իրենց բազա, որտեղ տնակները խոտից էին, էլի կանգնացրին ու սկսեցին լոզունգներ կարդալ։  Հետո մի փոքր միս տվեցին ամեն մեկիս` որպես փոխհատուցում 3 օր սոված պահելու դիմաց։
Այնուհետեւ մեզ մոտեցավ ահաբեկիչներից մեկն ու հարցրեց, թե ով գիտի պորտուգալերեն։ Մինչ այդ մերոնք արդեն որոշել էին, որ իրենց թարգմանիչն ու միջնորդը ես եմ լինելու, ու որ ոչ ոք ոչ մի դեպքում չպիտի խոստովանի, որ մեր մեջ ղեկավարներ ու կոմունիստներ կան։ Դե ես իհարկե կոմունիստ չէի… Մի վրացի ունեինք, Բուռնաձե էր ազգանունը, կատակով ինձ ասաց. "Տեսնու՞մ ես Վոլոդյա, նրանք առաջին անգամ վախեցան այն բանից, որ կոմունիստ են"։  Երբ ինձ կանչեցին ահաբեկիչների ղեկավարության մոտ, տեսա, որ նստած արաղ են խմում (իրենք էլ ի միջայլոց արաղ քաշել գիտեն, ուղղակի ավելի լավ բաներից են քաշում` անանասից, մանգոյից)։ Սկսեցին հարցեր տալ։ Ինչքան համառեցին, այսպես էլ չխոստովանեցի, որ ղեկավարներ ու կոմունիստներ ունենք։ Վերջում էլ մի բաժակ արաղ լցրեցին ու պահանջեցին խմել իրենց կենացը, ես էլ ասացի` չէ, պիտի խմեմ մեր ազատության կենացը, ասացին` դե լավ, խմիր։

Մոտ 5 օր մեզ պահեցին այդ բազայում։ Իրենց գլխավորը մի հետքարքիր կերպար էր, միշտ գալիս էր իր կապիկի հետ, զբոսնում էր, բայց մեզ հետ չէր խոսում, եթե ինչ-որ բան էր պետք լինում, ենթականերին էր ուղարկում։ 5-րդ օրը կառավարական զորքերը բազան գտան, սկսեցին վերեւից գնդակոծել։ Խուճապ սկսվեց։ Մեզ հսկող զինվորներին կարգադրեցին սպանել մեզ, եթե ավելորդ քայլ անենք։ Նորից անտառ տարան ու թաքցրեցին։ Հեռվից տեսնում էինք, թե ինչպես էին ռումբեր գցում բազայի վրա։  Ու երկու օր էլի մնացինք անտառում, ուտելու բան էլ համարյա չէին տալիս։ Մեկ էլ գիշերը մեզ հավաքեցին ու բաժանեցին 2 խմբի` տասներկու-տասներկու։ Այդ ժամանակ ես համարձակվեցի մոտենալ գլխավորին ու հարցնել, թե ինչ ճակատագիր է մեզ սպասվում։ Նա ասաց, որ դեռ չեն որոշել, ու եթե պետք լինի տարիներով էլ պատանդ կպահեն։ Տրամադրություններս շատ ըկավ։

Մեր խմբին մի երկու ամիս տարան ու տարան ոլոր-մոլոր ջունգլիներով։ Այդ ընթացքում պատահում էր, որ անձրեւի տակ էինք քնում, թաքնվելու տեղ չկար, թրջվում էինք, բերում էին մի հատ ծածկոց էին տալիս, ասում էին` ինչ ուզում եք արեք։ Մենք էլ պահում էին գլխներիս վրա, հենց թրջվում էր, քամում էինք ու նորից պահում։ Նորմալ ուտելիք էլ չէին տալիս, լավագույն դեպքում օրական մի բուռ խաշած բրինձ։  Այդ պահերին մտքներովս ռոմանտիկ բաներ չէին անցնում։ Իհարկե երբեմն մտածում էինք հարզատների մասին, բայց ավելի շատ մեր ուշքն ու միտքն այդ ամենին դիմանալն էր։ Ֆիզիկական պայքար էր. չթուլանալ, անընդհատ քայլել, ինչ-որ բան ուտել ու էլի քայլել։ Այդ ընթացքում մեկ անգամ էլ անտառում բախվեցինք կառավարական զորքերի հետ, մարտ եղավ, բայց մեզ էլի չփրկեցին։ Ու այդպես գնացինք հասանք  նոր բազա, որը գտնվում էր Մալավիայի սահմանի մոտ, Զամբեզի գետի վտակներից մեկի մոտ։  Այդտեղ մեզ դիմավորեց բազայի գլխավորը` հրամանատար Շերիկոն /շերիկո իրենց լեզվով նշանակում է սոխակ/։ Մի ահռելի նեգր էր, կոպիտ դիմագծերով, ջինսերով, ատրճանակները վրան կախած։ Շերիկոն մոտեցավ մեզ մոտ ու միանգամից ասաց. "Չեմ հասկանում, թե ինչու են ձեզ պատանդ վերցրել։ Եթե ես լինեի իրենց փոխարեն, միանգամից տեղում բոլորիդ կգնդակահարեի"։ Մենք այլայլվեցինք. "Այ քեզ բան, էս ի՞նչ մարդու ձեռքն ենք ընկել…"



Հրամանատար Շերիկոն


Շերիկոն, չնայած ասաց, որ մեզ ոչ թե գերի վերցնել, այլ` միանգամից գնդակահարել էր պետք, իրականում շատ բարի մարդ դուրս եկավ։ Երբ մեզ հանձնեցին նրան, իմացանք, որ շուտով մեր երկորդ խումբն էլ է գալու այդ ճամբար։ Եկան։ Նրանց պատմությունն էլ ավելի տխուր էր։ Այդ խմբից 2 հոգի փախել էին, ու ահաբեկիչներն ավելի էին խստացրել առանց այդ էլ անմարդկային պայմանները։ Ճանապարհին նրանք հանդիպել էին կառավարական զորքերի, ու ահաբեկիչները ստիպել էին գերիներին մեկ-երկու կիլոմետր սարն ի վեր բարձրանալ վազելով` առանց կանգնելու։ Երբ մեր երկրորդ խումբը մոտեցավ ճամբարին, նկատեցինք, որ տղաներից երկուսին բերում են պատգարակներով. ծանր հիվանդ էին ու հյուծված։

Շերիկոյի հկողության տակ մենք մնացինք մեկ, թե երկու ամիս, արդեն լավ չեմ հիշում։ Հենց առաջին օրը նա մեզ 2 շիշ օղի բերեց. գիտեր, որ մեջներս ռուսներ կան։ Սկզբում ոչ ոք չհամարձակվեց խմել։ Շերիկոն հասկացավ, որ վախենում ենք, ցուցադրական ձեւով երկու շշից էլ լցրեց մի-մի բաժակ, խմեց ու ասաց, որ հանգիստ լինենք, թունավոր չէ։ Հաջորդ օրը նա եկավ ու հայտնեց, որ մեզ համար ուզում է այծի մսով ճաշ պատրաստել։ Այդ ժամանակ նկատեցի, որ նրա ամեն ձեռքին երկուական ժամացուց կա։ Հարցրեցի, թե ինչի՞ն են դրանք պետք, պատասխանեց, որ երկուսն են աշխատում, մյուս երկուսը անսարք են։ Մեր խմբում մի մարդ կար, անունը Վլադիմիր Պապով, շատ լավ ինժեներ էր, ասաց, որ կփորձի դրանք նորոգել, ես էլ`. "Պապով, եթե սարքես, մենք կապրենք ինչպես դրախտում"։ Գիտեի, որ մոզամբիկցիք մասնագետներին լավ են վերաբերվում։ Վերցրեցինք ժամացույցերը, բացեցինք։ Մեխանիկական էին։ Մեկի միացումները մի քիչ օքսիդացած էին, մաքրեցինք, դրեցինք տեղը, սկսեց աշխատել։ Շերիկոն հո չուրախացավ։ Մյուսի սլաքն էր մի քիչ վերեւ բարձրացել, ուղղեցինք, դա էլ սկսեց աշխատել։ Շերիկոյի երջանկությանը չափ չկար։ Երեկոյան մի արկղ բանան բերեց մեզ համար։ Հետո բոլոր ահաբեկիչները հերթով գալիս ու մեզ էին հանձնում իրենց փչացած ժամացույցները։ Մի անգամ էլ մի փոքր մոտոցիկլետ բերեցին, չգիտեմ` որտեղից էին ճարել։ Չէր աշխատում։ Պապովին ասացի, որ եթե դա էլ սարքի, թագավորի պես կապրենք։ Դե Պապովն էլ շատ լավ մասնագետ էր, միագամից քանդեց մոտոցիկլետը, տեսավ, որ մասերից մեկը` պորշեյնը ճաքած է։

Շերիկոյին ասացինք, որ եթե այդ մասը բերի կսարքենք։ Նա էլ վերցրեց պորշեյնն ու մի քանի օրով անհետացավ։ Դու մի ասա, երկու օր գնացել են, եսիմ ուր են հասել, մտել են մի հնդիկի խանութ, սպառացել են, որ եթե պորշեյն չճարի, կսպանեն։ Հնդիկն է վախից ընկել է հարեւանների խանութներով ու վերջը գտել։ Մի խոսքով` մոտոցիկլետն էլ սարքեցինք։ Ամբողջ օրը բազայով մեկ քշում էին ու ուրախանում։ Շերիկոյի հսկողության տակ գտնվելու ժամանակ շատ լավ էինք զգում, որովհետեւ նա մարդկային ու ընկերական վերաբերմունք էր ցուցաբերում, նույնիսկ գալիս, հետներս զրուցում, ասում էր, որ մեր գերությունը ժամանակավոր է, ու ինքը մեզ լավ կնայի, հետո անձամբ կտանի, գետը կանցկացնի ու բաց կթողնի։ Մենք էլ արդեն սկսել էին խնդրանք-պահանջներ ներկայացնել։ Մի օր ասացի, որ պիտի լողանանք, արդեն մեկ ամիս է չենք լողացել։ Դե չեմ ասում այն մասին, որ բոլորս ոջիլոտվել էինք վաղուց։ Շերիկոն ասաց, որ կկազմակերպի մեր լողանալը, բայց ամեն մեկիս մի դույլ կհասնի, որոհետեւ ջուրը պիտի կրեն մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Ու այդպես ամեն մեկիս մեկ դույլ հասավ, առաջին անգամ գերության ընթացքում օճառ տվեցին ու լողացանք։ Շերիկոն նույնիսկ թույլ էր տալիս զբոսնել ճամաբարի տարածքում։ Իր ենթականերին միշտ հրամայում էր մեզ հարգանքով վերաբերվել, որովհետեւ մենք սովորական մարդիկ չենք, այլ` իսկական պրոֆեսիոնալներ։

Բայց եկավ ժամանակ, երբ կառավարական զորքերն այդ ճամբարն էլ գտան, ու մեզ նորից անտառ քշեցին։ Մի պահ եկավ, երբ Շերիկոն մեզ հետ չէր, ու մենք հսկվում էինք ընդամենը 4 ահաբեկիչների կողմից։ Անտառում գիշերելուց հետո, առավոտյան հայտնաբերեցինք, որ 3 հոգի փախել են` ռուս, վրացի ու ուզբեկ։ Հետս Երեւանից մեկն էլ կար` Սերգեյ Կիրակոսյան, ասացի. "Լսիր, Սերոժ, ռուսը փախավ, վրացին փախավ, նույնիսկ ուզբեկը փախավ, մենք երկու հայերով չկարողացանք փախչել"։ Հետո եկավ Շերիկոն. ուտելիք էր բերել։ Մեզ հսկողներից մեկը մոտեցավ ու հայտնեց, որ փախնողներ կան։ Շերիկոն զայրացավ. "Ես ձեզ համար ուտելիք եմ բերել, եկել եմ, որ հոգ տանեմ ձեր մասին, իսկ դուք փախչու՞մ եք"։ Դե մենք էլ ասացինք, որ տեղյակ չէինք ու շատ զարմացած ենք։ Այդ ժամանակ Շերիկոն հայտնեց, որ մեր վիճակն արդեն բարդանում է, որովհետեւ իր ձեռքից մեզ կվերցնեն ու կհանձնեն ուրիշի. "Իսկ ես գիտեմ, թե այդ ուրիշն ով է, նա ձեզ շատ վատ կերաբերվի։ Ուրիշն այսպես կոչված սեւ ռասիստ էր ու ատում էր սպիտակամորթներին։



Սեւ ռասիսիտը


Հրամանատարը, որի հսկողությանը մեզ հանձնեցին, համոզված էր, որ Աֆրիկան միայն սեւամորթների համար է, ու մեր նմանները այդտեղ գործ չունեն։ Այդ սեւ ռասիստի "գահակալության" ժամանակ մեր վիճակն իսկապես շատ վատացավ։ Ամբողջ օրը ձեռքուոտքերս կապած էինք անցկացնում։ Ուտելու բան համարյա չէին տալիս։ Կանչում, ասում էինք, որ սոված ենք, երեք օր է բան չենք կերել։ Ինքն էլ պատասխանում էր` հա ի՞նչ անեմ, իմ զինվորներն էլ են սոված։ Բայց դե իրենք գիշերները ճաշ-մաշ էին եփում ու ուտում էին, իսկ մենք այդես անոթի էլ մնում էինք։ Շատ էինք նիհարել, մեզնից մեկն էլ մահացավ։ Գիշերն իրեն վատ էր զգում, առավոտյան հայտնաբերեցինք, որ հոգին ավանդել է։ Կանչեցինք ու հայտնեցինք, որ մահացած ունենք։ Նրանք էլ սկսեցին պարել։ Արությունով Ժորա ունեինք` Մոսկվայից, կատաղեց, մի ճիպոտ վերցրեց ու հարձակվեց դրանցից մեկ վրա, բա` մարդը մահացել է, դուք ուրախանու՞մ եք։ Հասցրեց մի երկու անգամ ճիպոտահարել դրանց։ Վայ, ո~նց հարձակվեցին խեղճ Ժորայի վրա` դանակ-մանակով։ Ես էլ ուզում էի միջամտել, ինձ էլ մի հատ "պրիկլադով" խփեցին, իսկ Ժորային ոտքի տակ գցեցին։ Ես էլ կողքից բղավում էի, որ դիմանա, հանկարծ չփորձի պատասխանել։ Լավ ծեծեցին, հետո էլ իբր ուզում էին ականջը կտրել, բայց հետո փոշմանեցին։ Ժորան մի երկու օր հաց չստացավ։ Մեզ համար ճաշ-մաշ էին բերում, ու նստում էին ամեն մեկիս դիմաց, հետեւում էին, որ մինչեւ վերջ ուտեինք, Ժորայի համար հանկարծ ոչինչ չպահեինք։ Մի քանի օր հետո այն ահաբեկիչը, ում Ժորան խփել էր, եկավ ու 4 հատ բանան բերեց նրա համար, ասաց` հիմա հասկացա՞ր` այստեղ ով է ուժը, Ժորան էլ թե` հա։ Դրանից հետո ինչքան ճաշ-մաշ էին եփում, Ժորան միշտ լավ կտորներ էր ստանում նրա կողմից։

Մի գիշեր լսեցի, որ Շերիկոն եկել է ու խոսում է սեւ ռասիստի հետ։ Խմում էին ու վիճում։ Սեւ ռասիստն ասում էի, որ մենք բեռ ենք իրենց համար ու հարկավոր է մեզ սպանել։ Իսկ Շերիկոն համառում էր, որ առանց ղեկավարության թույլտվության նման բան անել չի կարելի։ Որոշեցին, որ պիտի նամակ գրեն իրենց կենտրոնական ղեկավարներին։ Նստեցին, գրեցին ու հենց այդ գիշեր էլ ուղարկեցին։ Տրամադրությունս իհարկե շատ ընկավ։ Տղաներին ամբողջը չասացի, ուղղակի տեղեկացրի, որ կարեւոր նամակ է գրվել,  ու դրանից է կախված  մեր հետագա ճակատագիր։ Երեք օր լարված սպասեցինք։ Բայց հետո, փառք Աստծո, պատասխան եկավ, որ գերիներին ոչ մի դեպքում` առանց իրենց հատուկ հրահանգի չսպանել, մինչեւ վերջ տանել։ Նամակից հետո Շերիկոն եկավ ու մեզ հրաժեշտ տվեց։



Մի անգամ


Սեւ ռասիսիտի ճամբարում մնալու ժամանակ մեզ 4-5 օրը մեկ տանում էին գետ լողանալու։ Մի անգամ մեր տղաներից մեկը, ով առաջին` օրը հարձակման ժամանակ, վիրավորվել էր, մեջքին ու ոտքերին ռումբի բեկորներ էին կպել, իր վարտիքը լվացել ու կախել էր ծառից, որ չորանա։ Գողացել էին։ Եկավ մեզ բողոքեց, բայց դե ինչ՞ կարող էինք անել։ Մի քանի օր հետո էլ իր վարտիքը տեսավ ահաբեկիչ զինվորներից մեկի հագին։ Եկավ ինձ մոտ ու խնդրեց, որ կանչեմ հրամանատարին ու բողոքեմ։ Ես էլ ախր լավ գիտեմ դրանց բնավորությունը. նրանց հենց այնպես չես կարող գող անվանել։ Ասացի` հաստատ կարո՞ղ ես ապացուցել, որ վարտիքը քոնն է, բա` հա։ Սեւ ռասիստը եկավ, շատ բարկացավ ու հայտարարեց, որ եթե չապացուցենք փաստերով, վերջներս վատ կլինի։ Հանձնաժողով կազմեցին, որ "փորձաքննություն" կատարեն։ Լավ էր` բեկորներից մնացած անցքերը եւ վարտիքի վրա կային, եւ` տաբատի։ Դրեցին իրար վրա, համեմատեցին ու համոզվեցին, որ մենք ճիշտ ենք։ Շատ զավեշտալի վիճակ էր։ Ես էլ վերջում ասացի. "Լսիր, ընկերս, մենք վերջը հետ գրավեցինք  քո վարտիքը"։ Գող զինվորին էլ իբր պատժեցին. բոլորի աչքի առաջ մի երկու պարկ դրեցին ուսին եւ  հրամայեցին որ մի  քանի անգամ կռանա ու վեր կենա։



Երեք հոգի


Մի օր էլ եկան ու կարգադրեցին, որ մեզնից ամենավատ ինքազգացողություն ունեցողներից երեք հոգի պատրատվեն ուղեւորության։ Մենք էլ սկսեցինք մտածել. "Տեսնես ուզում են հիվանդերին բա՞ց թողնել, թե՞ տանում են վերացնելու, որ ավելորդ բեռ չլինեն…"…

Երեք հոգուն, որ տարան, հետո պարզեցինք` Կարմիր խաչի միջնորդությամբ բաց էին թողել։ Դրանից հետո մի անգամ էլ ահաբեկիչները եկան ու ասացին, որ եւս երկու հոգու պիտի տանեն։ Մեկ ինձ ցույց տվեցին, մեկ էլ մի ուրիշի։ Բայց կամանդիրն եկավ ու ասաց, որ ինձ չտանեն, որովհետեւ ես պորտուգալերեն խոսող միակ մարդն եմ։ Այդպես ինձ որոշեցին թողնել։ Մի Յուրա կար, միանգամից իրեն մեջ գցեց` բա ինձ տարեք, ինձ տարեք։ Ահաբեկիչներն են վերցրեցին ու տարան։ Յուրան սխալ էր հաշվարկել, նրանց չէին տանում ազատելու… Մինչեւ օրս տեղեկություն չունենք, թե ինչ եղավ այդ երկուսի հետ։



Ազատություն


Հունվարի 22-23-ն էր։ Զգացինք, որ ահաբեկիչների շրջանում աշխուժություն է. անընդհատ ռադիոստանցիաներով էին խոսում, գնում-գալիս էին։ Հրամանատար Շերիկոն խոստացել էր, որ եթե մեզ բաց թողնեն, այդ լուրն ինքը անձամբ կհայտնի։ Ու Շերիկոն եկավ։ Ասաց, որ բաց  են թողնում, բայց մեզ պիտի խելոք պահենք։ Մոտ երեք օր մեզ տարան դեպի ազատություն։ Մոտեցանք սահմանին` Զամբեզի գետի մոտ։ Այդ օրը տեղը տեղին սնունդ տվեցին` մսով-բանով։ Հետո թղթեր բերեցին, որոնցում, որքանով հասկացա, գրված էր որ, որ մեզ շատ լավ են նայել։ Ասացին, եթե տակը չստորագրեք, բաց չենք թողնի։ Դե ճարներս ի՞նչ, ստորագրեցինք։ Հաջորդ օրը Կարմիր խաչից մարդիկ եկան ու նամակներ բերեցին մեր հարազատներից։ Մեծ մարդիկ կային` 50-60 տարեկան, երեխայի պես լաց էին լինում։ Հետո եկավ Սեւ ռասիստն ու մեզ տարավ նավակներ նստացնելու։ Նախօրոք խուզարկեցին, որ ավելորդ բան չլինի, գրպաններս դատարկեցին։ Սեւ ռասիստն էլ ցուցադրական կերպով հանեց ատրճանակն ու գցեց գետը, իբր նրա համար, որ մենք հանկարծ չվախենանք, մտածենք, թե ուզում են տանել, սպանել։ Չորս նավակով տարան հացրին գետի մեջտեղն ու բաց թողին` ոնց ուզում եք գնացեք, էլ հետ չգաք։ Էդպես նավակներով լողցինք ու լողացինք, մինչեւ հասանք Մալավի պետության ափը։ Այդտեղ երեխաներ էին խաղում։ Դե պատկերացրեք, խաղում են իրենց համար, մեկ էլ նավակներից դուրս են գալիս մորուքավոր սպիտակամորթ մարդիկ։ Շատ զարմացան։ Ինձ սովորեցրել էին, որ հենց տեղ հասնենք, մոտենամ մեկնումեկին, հարցնեմ, թե շուկան որտեղ է։ Այդպես էլ արեցի, մի երեխա ասաց, որ մեզ կուղեկցի։ Գնացինք, հասանք շուկա, տեսանք Մալավիի զորքերը մեզ են սպասում։ Մոտ եկան արկղերով, ուտելիք-մուտելիքով, պեչենիներով ու հյութերով։

Մեզ տարան Լիլոնգվե կոչվող քաղաք` Մալավիի հարավում գտնվող։ Մալավին տիպիկ անգլիական գաղութ էր` անգլիական սովորույթներով։ Առավոտ բրեկֆաստ-մրեկֆաստներով, լանչերով… մի խոսքով մեզ օրական 4 անգամ հաց էին տալիս։

Սկսեցինք ցիվիլ կյանք մտնել։ Երբ այդտեղ էինք, մի օր ինձ կանչեցին հարցաքննության, պահանջեցին, որ մանրամասն նորից պատմեմ, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ։ Ես էլ պատմեցի։ Մեկն էլ նստած ամեն ինչ սղագրում էր։ Վերջում դեմ տվեցին այդ սղագրած թղթերը, բա` ստորագրի։ Ես էլ հրաժարվեցի։ Ի՞նչ իմանայի ինչեր էին անտեղ գրված։ Ենթադրում եմ, որ ինձ ուզում էին "վերբովկա" անել, բայց դե չհաջողվեց։ Հետո եկավ Մոզամբիկի պաշտպանության նախարարն ու մեզ նորից հետ տարավ իրենց երկիր։ Երկու շաբաթ մնացինք մայրաքաղաքի` Մապուտույի հյուրանոցներից մեկում։ Մի գիշեր էլ մեկը դուռս ծեծեց ու ակցենտով` պորտուգալերենով խնդրեց բացեց։ Ես էլ բացեցի ու դուռն ու ռուսերենով ասացի` մտեք։ Պարզվեց Խորհրդային միության ազգային անվտանգության աշխատակից էր։ Ասաց, որ իրենց քանի օր է թույլ չեն տալիս հանդիպել պատանդներին, դրա համար էլ հատուկ կազմակերպել են, որ հյուրանոցի լույսը "հանկարծակի" անջատվի, որպեսզի ներխուժեն։ Այդ մարդուն ես նորից սկզբից մինչեւ վերջ պատմեցի մեր պատմությունը։ Նա էլ խնդրեց, որ եթե մեզ ստիպեն խոսել կամ բանակցել, պահանջենք դեսպանության ներկայացուցչին։ Ասաց ու գնաց։ Հաջորդ օրն իսկապես մեզ հրավիրեցին խոսելու, ու մենք պահանջեցին մեր դեսպանատան ներկայացուցչին։ Մերոնք եկան, բացեցին քարտեզներն ու ասացին, որ շատ լավ տեղյակ են եղել, թե երբ որտեղ ենք եղել, ուղղակի վախեցել են քայլեր ձեռնարկեն, մտածել են, թե չեն հասցնի փրկել։



Փրկագինը


Երբ ազատվեցինք, իմացանք, որ ահաբեկիչները մեր ազատության ու կյանքի համար մեկ միլիոն դոլար են պահանջել։ Բանակցություններից հետո Խորհրդային միությունը համաձայնվել էր։ Բայց ահաբեկիչները, չգիտես ինչու, հետո փոշմանել էին։ Մեր մասին այդ ըթացքում ռադիոյով խոսել էր Թետչերը, քննադատել էր ընդդիմադիրներն։ Ու վերջում, մեզ բաց էին թողել մի պայմանով. բոլոր լրատվամիջոցներով պիտի հայտարարվեր, որ իրենք ոչ թե բանդիտներ են, այլ` Մոզամբիկի ընդդիմադիր ուժեր։



Մոսկվայում


Մեզ տարան Մոսկվա, բոլորիս տեղավորեցին տարբեր հիվանդանոց-հիմնարկներում։ Ոմանց` սնուցման իստիտուտ, ոմանց` պարազիտոլոգիայի…

Սկզբում մենք չէին կարողանում ազատվել սովածության զգացողությունից։ Նույնիսկ մարդիկ կային, որ պայուսակներում հաց ու երշիկ էին պահում, ու քաղաքում քայելիս անընդհատ ուտում էին։ Մի անգամ նույնսիկ ռեստորան գնացինք։ Սկսեցինք ուտել, ուտել եւ ուտել։ Մատուցողուհին զարմացավ` այ մարդ, էս ինչքա՞ն եք ուտում։ Տղերքից մեկն ել բա` իսկ դուք գիտե՞ք որ մենք դիստրոֆիկ ենք։ Մատուցողուհին չհավատաց, մենք էլ հանեցինք ու մեր` դիստրոֆիկի գրքույքները ցույց տվեցինք, որտեղ գրված էր` երկրորդ կարգի դիստրոֆիա. այ էդ օրն էինք ընկել։



Ինչպես կենդանի մնացին


Մենք երբեք չենք ընկճվել, որ մի րոպե։ Նման պահերի մարդը տրամադրվում է պայքարի, անըդհատ ինքն իրեն ու ուրիշներին համոզում է, որ վերջը լավ է լինելու։ Պայքարում էին, որ դիմնանաք, չթուլանանք, կարողանանք առաջ գնալ, այնպես անել, որ մեզնից չազատվեն` սպանելով, որ հանկարծ ավելորդ բեռ ու գլխացավանք չդառնանք ահաբեկիչների համար։ Իրար շատ ենք օգնել, քաջալերել ենք։ Եթե մեկը իրեն վատ էր զգում, մեր բաժին սնունդից նրա համար առանձնացնում էին, որ ինքն ավելի շատ ուտի, չէինք թողնում, որ ավելի հյուծվի։ Երեւի կոլեկտիվիզմի ոգով դաստիարակված լինելը մեզ փրկեց։



5 տարի հետո


Մեր ազատության հնգամյակը նշեցինք Մոսկվայում։ Այն երեք փախածներից մեկն էլ էր եկել։ Սկզբում բոլորը, հատկապես ռուսները, խիստ էին տրամադրված նրա նկատմամբ, չէին մոռացել, որ հենց փախչողների պատճառով էր մեր վիճակը բարդացել։ Բայց նա եկավ, ու բոլորը մոռացան ամեն ինչ. շատ ընկերական ու ջերմ ոլորտում անցկացրինք մեր ազատության տարելիցը։



Հիմա


Այսօր մեկս մյուսից լուր չունենք։

 

Զրուցեց Անի Ստեփանյանը


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`