ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Փրկարարները միայն տղամարդիկ չեն կամ շնորհավոր ապրիլի 7

Լիլիթ Ղազարյանը Հատուկ փրկարարական ջոկատի հետախույզ - կինոլոգն է։ 2003 թվականից  վարժեցնում է ջոկատի փրկարար շներին։ Նրա ու Թոմի անունով շան ընկերությունն արդեն 7 տարվա պատմություն ունի։ Միասին շատ փրկարարական աշխատանքների են մասնակցել, մարդկանց գտել ու փրկել։

- Իմ գործն այն է, որ շանը ղեկավարեմ, նա գնա, փնտրի տուժածներին, գտնի ու տեղը ցույց տա, որ հետո փրկարարները գան ու օգնեն նրանց, - բացատրում է Լիլիթը։

Նա կարծում է, որ տղամարդուց էլ, կնոջից էլ լավ կինոլոգ դուրս կգա։ Տղամարդիկ, սակայն, շներ վարժեցնելիս ավելի խիստ են ու իշխող, իսկ կանայք նույնիսկ այս հարցում չեն կարողանում մի կողմ դնել իրեն կանացիությունը։

- Մենք ավելի զգայուն ենք, շանը շատ ենք ցույց տալիս, որ սիրում ենք իրեն։ Օրինակ, երբ ես  հրամայում եմ իրեն ինչ-որ բան անել, հետո սկսում եմ սիրել, շոյել, - ասում է Լիլիթը։

Շատ է պատահել, երբ Լիլիթն ու շունը տղամարդ փրկարարների  հետ ոտքով երկար ճանապարհ են կտրել դժվարանցանելի վայրերով, սարեր բարձրացել։ Գործը որքան դժվար, այնքան էլ` հետաքրքիր է։

- Դժվար է իհարկե, բայց երբ  կողքիդ 15 լավ ընկերներ են, ամեն ինչ հեշտանում է, - ասում է նա։

Հատուկ փրկարարական ջոկատի պարամեդիկ Արփենիկ Չիլինգարյանն էլ այսօր հերթափոխի չէ։ Նման օրերին նա սովորաբար տան գործերով է զբաղվում, թատրոն այցելում, հյուր գնում կամ հյուր ընդունում։ Սակայն ոչ մի վայրկյան չի մոռանում, որ ինքը փրկարար-պարամեդիկ է։

- Երբ հարեւանների հետ մի բան է պատահում` վատանում են, գնում, օգնում եմ։ Մինչեւ շտապօգնություն են կանչում, ես առաջինն եմ այնտեղ օգնության հասնում, - ասում է Արփենիկը։ 

Նա Հատուկ փրկարարական ջոկատում է հիմնադրման ամենասկզբից` 1997 թվականից։ Դրանից առաջ աշխատել է հիվանդանոցում, բայց երբ իմացավ` նման ջոկատ է ստեղծվում, առանց երկմտելու դիմեց, որ իրեն էլ ընդունեն։ Դեռ Սպիտակի երկրաշարժի ժամանակ էր հասկացել, թե փրկարար ջոկատներն ինչ կարեւոր նշանակություն ունեն։

-  Դժվար ու պատասխանատու աշխատանք ենք մենք կատարում։ Անբացատրելի զգացողություն է, երբ փրկում ես մեկին, կյանք ես պարգեւում նրան։ Ոչ մի բանի հետ փոխել չի լինի այդ զգացողությունը,- ասում է Արփենիկը։

Հատուկ փրկարարական Ջոկատի տղաների համար Արփենիկը եւ քույր է, եւ լավ ընկեր, իսկ երբ  վտանգավոր աշխատանքներ կատարելու են գնում, իր փրկարար գործընկերների համար մոր պես է անհանգստանում։

- Ես նրանց հետ հավասար բոլոր ապրումներն ունենում եմ, - անկեղծ խոստովանում է նա։

Արփենիկը 18 ամյա որդի ունի` Կորյունը։ Ապրիլի 7-ին` մայրության տոնին, առաջին շնորհավորանքը, հենց որդուց է ստացել։ Կորյունի մասին առանց հուզմունքի չի կարողանում խոսել. նա ծառայության մեջ է։

- Ես բոլոր մայրերին մաղթում եմ առողջություն, թող հպարտ լինեն, որ իրենց որդիները ծառայում են, Հայաստան աշխարհին էլ թող խաղաղություն լինի, որ մեր բալիկները գան հասնեն մեզ։

Արփենիկը պահարանում ժամացույց ունի, որը  հիշեցնում է` մի անգամ ինքն էլ օգնել է մի ուրիշ կնոջ` մայր դառնալ։

- Երեւան-Վարդենիս ճանապարհին տեսանք` մարդիկ են հավաքված, մտածեցինք վթար է, մոտեցանք, պարզվեց մի կնոջ մոտ վաղաժամ ծննդաբերություն է սկսվել։ Ամուսինը խառնվել էր իրար, չգիտեր` ինչ աներ։ Ես էլ օգնեցի, որ ծննդաբերի։ Տղա ծնվեց։ Հետո այդ մարդիկ եկան  ինձ տեսակցության, ու ժամացույցը նվեր բերեցին, - պատմում է Արփենիկը։ 

19-ամյա Վիկտորիան էլ Հայաստանի առաջին ու միակ կին փրկարարն է։ Մինչ փրկարար դառնալը փորձել է Ոստիկանական ակադեմիա ընդունվել, չի ստացվել։ Հետո սովորել է թիկնապահների քոլեջում, ավարտել է ու որոշել, որ հիմա էլ պիտի ուժերը փորձի փրկարարության ոլորտում։ Սովորում է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի փրկարարական ֆակուլտետում ու աշխատում է Հատուկ փրկարարական ջոկատում։

- Ես պաշտում եմ էքստրեմալությունը, շատ եմ սիրում նաեւ մարդկանց փրկել, - խոստովանում է Վիկտորիան։ 

Դասարանցիները բժշկի, իրավաբանի ու դատափորձագետի մասնագիտությունն ընտրեցին, իսկ Վիկտորիան որոշեց զարմացնել բոլորին ու կարծես թե` ստացվեց։ Բայց շատ զարմանալ պետք չէ, կին ու փրկարար հասկացությունները համատեղվում են` համոզված է նա։

-  Ես ինձ ավելի պարտավորված եմ զգում լավ աշխատել, որովհետեւ մարդիկ կան, որ թերահավատորեն են մոտենում, իսկ ես ուզում եմ ապացուցել, որ կինն էլ կարող է փրկարար լինել, - ասում է  Վիկտորիան։

Նա խոստովանում է, որ տղամարդ գործընկերները երբեմն խտրականություն են դնում, բայց դա իրեն չի բարկացնում, հասկանում է, որ դա բնական է։

- Տղաներն ինձ փորձում են հետ պահել դժվար գործերից, բայց եթե ես գիտեմ, որ հաստատ կարող եմ անել այսինչ բանը, անում եմ, -  ասում է Վիկտորիան։

Այն, որ Վիկտորիան փրկարար դարձավ, ընտանիքում ոչ ոքի չզարմացրեց։ Տղամարդկային ծանր ու դժվար մասնագիտությունների նկատմամբ նա մանկուց էլ սեր է ունեցել, նույնիսկ որոշել էր խաղաղապահ զորքեր մտնել ու Իսրայել գնալ։ Այնպես որ, այդքանից հետո նրա փրկարար դառնալը ծնողներին նույնիսկ ավելի թեթեւ բան թվաց։ Երբ Վիկտորիան աշխատանքի է լինում, տնեցիները չեն անհանգստանում։

-  Ես շատ հանգիստ եմ, որովհետեւ գիտեմ` ինքը ցանկացած բարդ իրավիճակից էլ ելք կգտնի, - ասում է Վիկտորիայի մայրը` Թերեզա Ասատրյանը, - հետո նաեւ վստահում են այն տղաներին, որոնք աշխատում են իր հետ։ 

Երբ փոքր էր, Վիկտորիան աղջիկ ընկերներ չուներ, փոխարենը նրա շրջապատում միշտ տղաներ էին, ովքեր դժվար պահերին միշտ իրենց աղջիկ ընկերոջն էին օգնության կանչում։

- Տղաները երբ բակում կռիվ էին անում, միշտ Վիկտորիային էին կանչում, տանում իրենց հետ, նույնը նաեւ դպրոցում էր։ Նա սպորտով է զբաղվել, կարատեով, թեթեւ ատլետիկայով, - պատմում է մայրը, - երբ  3 տարեկան էր, հարցնում էր` ինձ ե՞րբ են բանակ տանելու, այնքան հարցրեց, որ ասացի` աղջիկ ջան, քեզ ընդմիշտ ազատել ենք բանակից։ Տխրեց, լաց եղավ։

Վտանգավոր իրավիճակներից չվախենալն ու տղամարդկային համարձակություն ունենալը Վիկտորիայի ընտանիքի կանանց մեջ կարծես գեներով է անցնում։ Տատիկը Հայրենական մեծ պատերազմի մասնակից-վետերան է, իսկ մայրը` որպես լրագրող լուսաբանել է Արցախյան պատերազմը հենց կռվի դաշտից, իսկ հետո սկսել է բարեգործությամբ զբաղվել։

- Որքան էլ տարօրինակ է, երբ իմ աղջիկները 3-4 տարեկան էին, ես իրենց հետս տարել եմ Արցախ` ռազմի դաշտ։ Այդ ժամանակ հագուստ ու դեղորայք էի տանում այնտեղ,  ու աղջիկներիս էլ միշտ հետս վերցրել եմ, - պատմում է Թերեզա Ասատրյանը։

Փրկարարությունից Վիտորիան երբեք չի հրաժարվելու։ Ապագա ամուսնու մասնագիտության առումով հատուկ նախընտրություններ չունի ու համոզված է, որ ամուսինը չի արգելելու նրան լինել փրկարար։

- Ինչպես կարող է չթողնել, որ աշխատեմ։ Նախ ինքը հենց սկզբից ինչ է չի՞ իմանալու, որ փրկարար եմ։ Պիտի ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին կամ, - ասում է Վիկտորիան։

Որքան էլ այս կանայք դժվար, վտանգավոր եւ տղամարդկային գործերով զբաղվեն, միեւնույն է, երբեք չեն կորցնում իրենց կանացիությունն ու հմայքը, իսկ տղամարդիկ, որքան էլ բողոքեն ու թերահավատորեն մոտենան, միեւնույն է, պետք է խոստովանեն, որ առանց կին գործըներների իրենց աշխատանքն էլ հետաքրքիր չէր լինի։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`