ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

"Դրամատիկականի" դրաման

"1988 թվական" բառակապակցությունն արտաբերելիս առաջին հերթին հիշում ենք ազգային զարթոնքը։ Մենք չգիտեինք, որ դեռ շատ փորձություններ պիտի հաղթահարենք։ Հետո եղավ բնության փորձությունը` 1988-ի ավերիչ երկրաշարժը։ 88 թվականին կարող էր այլ  ողբերգություն էլ տեղի ունենալ, որը նույնպես իսկական երկրաշարժ կառաջացներ, այս անգամ  արդեն արվեստասեր հասարակության  հոգում, եթե, երջանիկ պատահականությամբ կամ` գուցե Աստծո կամոք, չփրկվեր թատերական մի ամբողջ անձնակազմ։


1988 թվականի սեպտեմբեր ամսին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները  մեկնում էին Սիրիա։ Նրանք պետք է հյուրախաղերով հանդես գային տեղի հայ համայնքի արվեստասերների առջեւ։ Բոլորի տրամադրությունը  բարձր էր, արտիստները չէին կասկածում, որ լավ ժամանակ են անցկացնելու։ Նրանց մոտ 30 օրվա գեղեցիկ ճամփորդություն էր սպասվում։

Օդանավ նստելիս նրանք չգիտեին, որ Հալեպի օդանավակայանում  երբեմն  խնդիրներ են  լինում։ Քամին այնտեղ հաճախ է փոխում իր ուղղությունը, ինչը դժվարացնում է ինքնաթիռների վայրէջքը։ Քամու ուղղության կտրուկ փոփոխությունը, դժբախտաբար, համընկավ  նաեւ դրամատիկականի դերասաններին տեղափոխող օդանավի  վայրէջքին։

- Սովորաբար, երբ օդանավով թռնում ես, մեկ-մեկ օդային փոսն ես ընկնում։ Էդպես եղավ նաեւ մեր օդանավի հետ,- պատմում է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։- Մենք ընկանք փոսը, բայց քանի որ գնում էինք դեպի վայրէջք, ինքնաթիռի ուժն այնքան չէր, որ կարողանար նորից վեր բարձրանալ, ու թռչելով` բախվեց գետնին։

Դեպքից մոտ մեկ ժամ առաջ, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը, ընկերների հետ զրուցելիս ասել էր, որ եթե հանկարծ, Աստված մի արասցե, ինքնաթիռին մի բան պատահի, փաստորեն դրամատիկականը կվերանա, քանի որ դերասաններն ու թատրոնի անձնակազմը, մոտ 40 հոգի, այդ նույն ինքնաթիռում էին։ 

- Բայց երբ առաջին հարվածը եղավ, իմ մեջ զարմանալիորեն հանգստություն էր տիրում, եւ ես ձգտում էի հանգստացնել բոլորին, -ասում է Վլադիմիր Մսրյանը։

Օդանավում իրարանցում էր, մարդիկ խուճապի մեջ էին։ Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը կլաուստրոֆոբիա ունի` փակ տարածության վախ, եւ ծայրահեղ դեպքերում է ինքնաթիռ նստում։ Այդ օրը` օդանավ նստելուց առաջ, քնաբերներ էր ընդունել։

- Դեպքը որ կատարվեց, ես արթնանալու վրա էի։  Ինքնաթիռը երբ ընկավ, մենք վեր թռանք։ Հետո ես ընկա հատակին եւ ուժ չունեի, որ ասեի` "ընկած եմ, օգնեք ինձ"։ Էդպես մնացի հատակին, մինչեւ բոլորը վրայովս վազեցին, դուրս եկան։  Ես իրար խառնվելու ուժ չունեի։

Հարվածն այնքան ուժեղ էր, որ օդանավը երկու կես եղավ, անիվները պայթեցին։ Կիսված  օդանավը, շարունակելով ընթացքը, շեղվեց թռիչքուղուց ու հայտնվեց ավազների մեջ։ Բարեբախտաբար, դեպքից մի քանի օր առաջ այդտեղ հորդառատ անձրեւներ էին տեղացել։

- Երբ մեր օդանավը  մտավ ավազների մեջ, բուլդոզերի նման ամբողջ ավազը օդ բարձրացրեց, իսկ հետո, երբ կանգնեց, այդ ամբողջ ավազը թափվեց մեզ վրա։ Հենց դա էլ թույլ չտվեց, որ հրդեհ առաջանա,- ասում է Ռաֆայել Քոթանջյանը։


Հալեպի օդանավակայանը լեփ-լեցուն էր տեղի հայ արվեստասերներով։ Նրանք եկել էին դիմավորելու սիրված դերասաններին։ Դիմավորողների մեջ էր նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը։

- Մենք տեսանք, որ մեր դերասաններին տեղափոխող օդանավն սկսեց իջնել։ Հետո կորցրեցինք տեսադաշտից, որովհետեւ շենքի հետեւն անցավ, ու, հանկարծ, երկու-երեք ահռելի պայթյունի ձայն լսվեց։ Եվ մի սոսկալի կարմիր ամպ օդ բարձրացավ։ Հալեպի հայերն սկսեցին աղաղակելով դուրս վազել։  1988 թվականն էր, սեպտեմբեր ամիսը, Հայաստանում միտինգներ էին, ուստի տեղի բոլոր հայերը,  գոռալով "թուրքերն են, թուրքերն են, տեռոր, տեռոր", վազում էին,- ասում է Արմեն Խանդիկյանը։

Ինքնաթիռում խուճապային իրավիճակը գնալով ավելի էր թեժանում. քանի որ ինքնաթիռի ցնցումներից ճաքեր էին առաջացել, որոնք սկսել էին մեծանալ։

- Ինքնաթիռն  սկսեց կամաց, ճռռալով բացվել, եւ երկինքն երեւաց։ Հրաման կար, որ անմիջապես լքենք այն, որովհետեւ շատ հնարավոր է, որ պայթեր։ Մարդիկ դրանից ավելի խուճապի մեջ ընկան, նրանք գոռում ու փախչում էին,- պատմում է Վլադիմիր Մսրյանը։

- Բացվեց ինձ վրա, իմ կողքին էր օդանավի ճեղքը։ Ես սթափ դուրս եկա, կանգնեցի ինքնաթիռի թեւին, նայեցի աջ, նայեցի ձախ, հետո լսեցի աղմուկը, շուռ եկա ու սկսեցի օգնել մարդկանց, որ գոռգոռում էին։ Ընկերս, որ էլի շատ զգոն էր, թռավ ներքեւ ու սկսեց բռնել բոլոր նրանց, ում ես վերեւից բաց էի թողնում։ Հանկարծ տեսնեմ` ինչ-որ մեկն այդ ճեղքի մեջ է մցնում իր ճամպրուկը։ Չեմ հիշում, թե ինչ բղավոցներ, ինչ հայհոյանքներ եմ տվել, չգիտեմ։ Գոռում էի, որ մարդկանց կյանքն ավելի թանկ է, քան ձեր ճամպրուկները եւ այլն։ Մի կերպ հանեցի այդ ճամպրուկը, երկու, երեք հոգու եւս հանեցի, հանկարծ, ինչ-որ մեկը նորից սկսեց իր ճամպրուկը խցկել այդ ճեղքի մեջ։ Ես քաշեցի այդ ճամպրուկի թելերից։ Թելերը  պոկվեցին, եւ ես պտտվեցի ու ընկա,- պատմում է Ռաֆայել Քոթանջյանը։

- Շատ ուժեղ սթրես տարան բոլորը։ Սակայն, զարմանալիորեն ես հանգիստ էի։ Ինչով է դա բացատրվում` չգիտեմ, բայց ներքին ինչ-որ ձայն ինձ ասում էր` լավ կլինի, եւ այդպես էլ եղավ։ Բարեբախտաբար, ոչ մի զոհ չեղավ, միայն Ռաֆայել Քոթանջյանի ոտքը վնասվեց,- ասում է Վլադիմիր  Մսրյանը։

- Դա էլ հայի բախտ է,- ասում է սիրված դերասան Ռ. Քոթանջյանը,- այդ անապատի մեջ քար չկա, բայց ես ընկել եմ ուղիղ, երեւի` միակ, քարի վրա, ու իմ կրունկը փշրվեց` մոտ 40-50 կտոր եղավ։

- Ռաֆիկի ոտքը տարան գիպս դրեցին,- պատմում է  Լուսինե Կիրակոսյանը,- գիպսը լավ չէին դրել։ Էնտեղ` Սիրիայում կան հնչակներ, դաշնակներ եւ այլն։ Մեկի դուրը չեկավ, որ հնչակներն էին էդ գիպսը դրել, եկավ տարավ, այդ անգամ դաշնակները նորից գիպս դնել տվեցին, հետո չգիտեմ` ինչ կուսակցություն եկավ, ասեց. "աս ինչ գիպս դրած են"։ Ռաֆիկին տարան էդ մի ամսվա մեջ 10 անգամ գիպսը փոխեցին։ Վերջինն այնքան մեծ էր, որ չէր կարողանում տեղից շարժել,- հումորով հիշում է նա ու շարունակում, - երբ վերջապես դուրս եկանք, բոլորը հավաքվել էին, մեզ էին դիմավորում, իսկ  Խանդիկյանի վիճակն ահավոր էր, բոլորիս 10 անգամ պաչում էր, լաց էր լինում, -պատմում է  Լուսինե Կիրակոսյանը։ Ինքնաթիռը չի պայթել  նաեւ օդանավակայանի հրշեջ խմբի արհեստավարժության  շնորհիվ։

- Հրշեջ խումբը ղեկավարում էր մի մարդ, որին աշխատողները չէին սիրում։ Էն որ ասում են. "քթի մազ է", որովհետեւ ամեն միջազգային կարգի օդանավի վայրէջքի ժամանակ նա բոլորին ոտքի էր կանգնացնում, նստեցնում մեքենան, որ պատրաստ լինեն։ Մեր բախտից, հենց այդ մարդու հերթափոխն էր։  Երբ ընկանք ու բախվեցինք, մեքենան տեղից շարժվեց, եւ սկսեցին ջրել մեր ինքնաթիռը։ Այսինքն` մեզ փրկեց նաեւ այդ մարդու, ինչպես ասում են "քթիմազությունը", բայց էս դեպքում, ես կասեի արհեստավարժությունը, - ասում է  Ռաֆայել Քոթանջյանը։

1988 թ. սեպտեմբեր 24-ին տեղի ունեցած դեպքը դրամատիկական թատրոնի  արտիստական կազմի անդամների համար համարվում է երկրորդ ծննդյան օր։

- Այդ օրերին մի անգամ եւս համոզվեցի, որ դրամատիկական թատրոնի ամբողջ անձնակազմը, եւ հատկապես արտիստական կազմը,  ֆանտաստիկ կենսունակություն ունի, - ասում է Արմեն Խանդիկյանը։

Դեպքի հաջորդ օրը նրանք բեմ բարձրացան։ Սփյուռքի հանդիսատեսին ներկայացան բարձր տարամադրությամբ եւ իրենց հատուկ անսպառ  հումորով։ 


- Ինձ թվում է` դա էլ Գինեսի ռեկորդի նման մի բան էր։ Գիպս դրած ոտքով այնպես էի խաղում, որ թվում էր, թե այդպես էլ պիտի լինի։ Օրինակ, "Մեծ լռության" մեջ իմ կերպարը` Օղուզբեյը, սպիտակ հագուստով, գրագետ մեկն էր, բայց քանի որ ես մտա սայլակի մեջ, կերպարը փոխվեց, սկսեցի խաղալ արդեն ճիվաղ, գեղեցիկ մարդկանց նախանձող, առողջ մարդուն շատ ուժեղ նախանձող մեկը, - պատմում է սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը։ 

Այդ դեպքից անցել է 22 տարի։ Այս ընթացքում դրամատիկական թատրոնի ստեղծագործական անձնակազմը, դերասանները շարունակել են հյուրախաղերով հանդես գալ  շատ այլ երկրներում, ամեն անգամ կես լուրջ-կես կատակ հիշելով 88-ի Սիրիայի հյուրախաղերն ու կիսված օգանավը։ Այդ օդանավի նկարը մինչ օրս կախված է թատրոնի պատից։

- Այնպես որ. "Жить я буду, не забуду этот самолет, - ասում է սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանն ու հավելում. - Էնպես որ` փառք Աստծո, լավ պրծանք։ Աստված մեզ հետ եղավ, ոչ մեկին չեմ ցանկանում նման փորձություն, բայց կարեւորը ելքն է, որ բարի եղավ…


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`