Սողանքները կամ այլ կերպ ասած` լոկալ երկրաշարժերը կարող են լինել մարդկանց գործունեության հետեւանք։ Առանց նախնական մասնագիտական հետազոտության` ճեղքվում են սարեր ու բլուրներ, բացվում են ճանապարհներ ու կառուցվում շենքեր։
Սողանքը լեռնային ապարների սահող տեղաշարժն է լանջով, ծանրության ուժի ազդեցության տակ։
Ավելի ճշգրիտ սահմանման դեպքում կարելի է ասել, որ սողանքը լեռնալանջերի, գետահովիտների եւ արհեստական թեքությունների վրա զգալի չափերի ապարազանգվածի տեղաշարժն է (սահքը), որը կատարվում է (կատարվել է) ծանրության ուժի, ջրադինամիկ ճնշման, լանջի վրա արհեստական բեռնվածքի ավելացման (կառուցապատման), սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների (օրինակ` պայթյունների) եւ այլ ուժերի ազդեցությունից։
Ընդհանուր առմամբ սողանքը երկրաբանական վտանգավոր երեւույթ է երկրակեղեւի մակերեսային հատվածներում հողազանգվածների երբեմն երկարատեւ ու աստիճանաբար, երբեմն արագ տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի, բլուրների լանջերում, գետահովիտներում, ծովերի ու լճերի ափերին։ Սողանքը զարգանում է հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքների առաջացման պատճառներն են` ջրով հագենալու հետեւանքով հողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների ու մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի առկայությունը, երկրաշարժից եւ ուժեղ պայթյուններից առաջացած ցնցումները;
Այսօր Հայաստանում կա ավելի քան 3 հազար տարբեր չափերի սողանքային օջախ։ Ամենաակտիվներից են Ողջաբերդը, Հաղարծինը, Կապանը, Դիլիջանը, Գոշը, Գնիշիկը, Օձունը…Սողանքներն առավելապես տարածված են Դեբետ, Հրազդան, Որոտան, Ողջի, Աղստեւ, Ազատ եւ Արփա գետերի ջրավազաններում։
Սողանքներից հիմնականում տուժում են բնակելի եւ արդյունաբերական կառույցները, տրանսպորտային հաղորդակցուղիները, էներգատարները, հանքերը եւ այլն։ Միայն սողանքային երեւույթներից Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցվող տարեկան վնասը կազմում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Ողջաբերդի անկումը
Ողջաբերդի անկումը ողբերգականորեն ուսանելի մի դաս է բոլորիս համար։
Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է։ Առանց մասնագիտական լուրջ հետազոտությունների եւ հաշվարկների ճեղքում են սարերն ու բլուրները, կառուցում ճանապարհ ու երկաթուղի, շենք ու շինություն, վիրավոր ու զկտված հողի լեզուն չհասկանալով, նրա թուլացած ու սորուն մարմնին շարունակում են նոր վերքեր հասցնել` դարավանդներ մխրճել ու ջրել, չթողնելով, որ ջուրը բնականոն հեռանա, բեռնել ու գերբեռնել քարաբետոնային ծանր կառուցվածքներով` զրկելով հողը հավասարակշռությունից։
Հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. Կամ ամլանում է, կամ ոտ առած, ջուր դառած փախչում։
Շռայլ ու բարի բնությունը կամակոր ու հիշաչար է դառնում, երբ նրան կտցահարում են, հոշոտում, խախտում հավասարակշռությունը։
Նրա խռովքը դառնում է անկասելի.
Ակտիվ սողանքային գոտիներից` Հաղարծին, Գոշ, Գնիշիկ, Օձուն, Նուբարաշեն, Կապան, Դիլիջան…, Ողջաբերդն իր դատապարտվածությամբ ասես դասական օրինակ լինի բնության լեզուն չհասկանալու, կորստյան խտացված ցավի, երբ Հայաստանի հենց սրտում, մայրաքաղաքից ընդամենը 20 կմ հեռավորությամբ, բոլորիս աչքի առաջ, ավերվեց ու քարուքանդ եղավ ոչ թե ճակատի գծի սահմանամերձ կամ էլ չոր ու անպտուղ աղքատիկ գյուղակ, այլ մոտ երկու հազար բնակիչ ունեցած բարեկեցիկ ու գողտրիկ մի բնակավայր։ Կարծես թե հարկ չկա որեւէ մեկին բացատրել, այն էլ Հայաստանում, թե ինչ է նշանակում տուն ու տեղ, ծննդավայր ու նախնիների գերեզման։
Արդեն բազմիցս ապացուցված փաստ ու անբեկանելի ճշմարտություն է` երբ գումարներ չեն գտնվում աղետը կանխելու, դանակը ոսկորին հասնելուց հետո, շատ ավելի մեծ գումարներ են հայթայթում բյուջեի ծակ ու ծուկերից` հասցված ահռելի վնասների մի չնչին մասը հատուցելու համար։ Երկրի զարգացման սուղ միջոցները, հունը փոխելով, նպատակամղվում են աղետի հետեւանքները վերացնելուն։
Ակտիվ սողանքային գործընթացները Ողջաբերդում սկսել են 70-ական թվականներին, այսինքն այն բանից հետո, երբ Ազատի ջրերն ուղղորդվեցին գյուղ` առատորեն տրամադրվելով տնտեսություններին; Մինչ այդ, գյուղ մտնող ջուրը միայն լեռնային փոքր աղբյուրներից էր գոյանում, եւ մարդու ու բնության փոխհարաբերությունները ներդաշնակ էին։ Սակայն սկսվեց ոռոգման ջրերի անխնա օգտագործումը, դրա հետեւանքով ակտիվացավ հողերի սահքը։ Իսկ 1990-93 թվականներին սողանքն ընդգրկեց գյուղի ողջ տարածքը։
Այստեղ արված էր այն ամենն, ինչ չէր կարելի անել։ Լանջը չէր կարելի կտրատել` խախտելով հավասարակշռությունը, չէր կարելի բետոնապատ դարավանդներով ծանրացնել։ Հողն իբր ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով մարդիկ կտրատել են թեք լանջերը, պատրաստել դարավանդներ, տեղադրել բետոնե կամ քարե հենապատեր, իսկ այդպիսի գործողությունները ոչ միայն բզկտում են հողը, այն գերբեռնում, այլեւ խախտում ձնահալոցքային եւ անձրեւային ջրերի բնական հոսքը լանջերով ներքեւ։ Բնականորեն վար հոսելու փոխարեն` դրանք ներծծվում են լանջերի խորքը, որից հողերը գերխոնավանում են ու կորցնում դիմադրողականությունը։ Հետեւանքը` հողերի սահք։
Գյուղի գերեզմանոցի հատվածում առաջացած ճեղքի եւ հողասահքի պատճառները գտնելու համար նույնպես հեռուն գնալու անհրաժեշտություն չկա։ 200 միլիմետրանոց խողովակաշարի անսարք փականից եւ այլ պատռվածքներից ջուրը տասը տարի շարունակ անվերահսկելի հոսել է։ Եթե սրան ավելացնենք այս տարածքում կոյուղու բացակայությունը, որի հետեւանքով օգտագործվող ջրերի մի մասը նույնպես ներծծվել է լանջի հողաշերտի խորքը, ապա գրեթե լիովին կամբողջանա անթույլատրելի գործողությունների շարքը, որի հետեւանքը այս անհաղթահարելի աղետն է։
Գյուղի ամբողջական տարածքի, այսինքն` Երեւան-Գառնի ավտոճանապարհից ներքեւ ու վերեւ տարածվող սողանքային երեւույթների շառավղում վարելահողեր են ու պտղատու այգիներ` բազմամյա ծառեր, շենքեր ու շինություններ։ 266 առանձնատներից մոտ 200-ը վթարային են, մյուսների ճակատագիրը եւս կանխորոշված է։
Ողջաբերդի տարածքում հակասողանքային պաշտպանական միջոցառումների համալիր հետազոտությունները սկսվել են 1990 թվականից։ Հայինժնախագիծ ինստիտուտում նախատեսված միջոցառումները ենթադրում էին մակերեւույթային ջրերի արագ հեռացում ամբողջ գյուղի տարածքից, հեղեղակարգավորիչ համակարգի եւ ինժեներական կառուցվածքների ստեղծում։ Պետք է իրագործվեր կոյուղացման համակարգը, եւ հորիզոնական հորատանցքերի միջոցով լանջի ջրազտման աշխատանքներ կատարվեին։ Համալիր միջոցառումներում նշվում էր նաեւ Երեւան-Գառնի ավտոճանապարհի պահպանման հարցը։ Սակայն նախատեսված միջոցառումներից միայն մի փոքրիկ հատվածի համար կառուցվել է ոչ մեծ հզորության չորացման ցանց, որը մյուս միջոցառումների բացակայության պայմաններում, արդյունավետ գործել չէր կարող։ Իսկ մյուս միջոցառումները բացակայում էին ֆինանսական միջոցառումների բացակայության պատճառով։
1994 թ. հունվարին արդեն կառավարությունը ստորագրեց Ողջաբերդի անկման կապիտուլյացիոն որոշումը “Կոտայքի շրջանի Ողջաբերդ գյուղը նոր տարածք տեղափոխելու մասին” 1997-ին կառավարությունն ընդունեց “ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների եւ օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին” որոշումը։ Հետո էլի որոշում, էլի փոխհատուցում…
Հիմա ոչ դատապարտված գյուղի ճակատագիրն է վերջնականապես վճռված, ոչ էլ աղետյալ բնակիչներն են ամբողջությամբ տարհանված, իսկ փոխհատուցման սպասողներն ըմբռնման ու համբերանքի չիբուխն են ըմբոխշնում։
Դատապարվածության նույն ողբերգական սցենարն է խաղարկվում նաեւ հարեւան Հացավան գյուղում։ Եթե “խմբագրական” լուրջ միջամտություն չլինի, կկորցնենք նաեւ եւս մեկ չքնաղ ու բարեկեցիկ գյուղ։
Սողանքների սպառնալիքի նախանշանները
- տան դռներն ու պատուհանները դժվարությամբ են փակվում կամ սեղմված են
- տան պատերի ծեփերի վրա ի հայտ են գալիս նորանոր ճեղքեր
- հողի մակերեւույթին, մայթերին, ճանապարհներին հայտնվում են ճաքեր, որոնք աստիճանաբար լայնանում են
- լանջերի հիմքերի մոտ հողն ուռչում է
- հայտնվում են ստորգետնյա ջրերի նոր ելքեր
- ցանկապատերն ու ծառերը սկսում են “տեղաշարժվել”
- հողամասում առաջանում են փոսեր
Ինչ անել իրական վտանգի դեպքում
- անհրաժեշտ պաշտոնական միջոցառումներ կազմակերպելու համար դիմել տեղական գործադիր մարմիններին
- նախատեսել մթերքի,, հանդերձանքի, դեղորայքի վթարային պահուստներ
- չանտեսել ապաստարանների մասին տեղեկությունները եւ տարահանման վերաբերյալ գործադիր մարմինների կոնկրետ ցուցումները
- թույլ չտալ սողանքային վտանգի ուժեղացմանը նպաստող գործողություններ։