Երեխայի մեծանալուն զուգընթաց ավելանում են նրան սպառնացող վտանգները եւ նա պետք է պաշտպանված լինի ամեն քայլափոխին։ Երեխաների աճի եւ զարգացման համար անհրաժեշտ անվտանգ միջավայրի ապահովման խնդիրը հիմնականում դրված է նրանց ծնողների եւ մանկավարժների վրա։ Նայեք ձեր շուրջը եւ փորձեք պարզել` արդյոք երեխային շրջապատող միջավայրն անվտանգ է եւ երեխայի շուրջը չկան իրեր, որոնք կարող են վնասվածքների պատճառ դառնալ։ Երբեմն մենք չենք նկատում, թե ինչքան վտանգներ կան մեր շուրջը՝ եռացող ջուր, սալօջախի վրա եփվող ճաշ, դեղեր, քիմիական նյութեր, ապակի, բարձր պատշգամբ եւ այլն։ Դրա հետ մեկտեղ հաշվի առնելով երեխաների անզգույշ շարժումները, անսահման հետաքրքրասիրությունը եւ ամենուր խաղալու ու վազելու ցանկությունը, պարզ է դառնում, որ նրանք ավելի խոցելի են նշված վտանգների առումով։ Կարդալով ստորեւ բերված խորհուրդները, որոնք հիմնված են կյանքի փորձի վրա, փորձեք գնահատել, թե ինչքանով է անվտանգ ձեր տունը։ Եթե այն համապատասխանում է նշված պայմաններին, ապա դուք կարող եք հանգիստ լինել ձեր երեխայի համար։ Հակառակ դեպքում վերափոխե՛ք ձեր տունը, դարձրեք այն անվտանգ ձեր եւ ձեր երեխայի համար։
- Հեռախոսի կողքը փակցրեք արտակարգ իրավիճակներում գործող ծառայությունների համարները եւ բացատրեք երեխաներին՝ ինչպես եւ երբ է պետք ահազանգել։
- Հոսանքի բոլոր լարերը պահեք երեխաներից հեռու, մի անցկացրեք դրանք սենյակի միջով կամ գորգի տակով, այլ ամրացրեք պատերի տակ։ Էլեկտրական սարքերն օգտագործելուց անմիջապես հետո դրանք հավաքեք եւ պահեք երեխաների համար անհասանելի տեղում։ Էլեկտրական վարդակները փակեք հատուկ խցաններով։
- Գորգի եզրերն ամրացրեք հատակին, որպեսզի երեխան քայլելիս կամ խաղալիս ոտքով չդիպչի ու վայր չընկնի։
- Երեխայի վայր ընկնելը կանխելու համար պատուհաններին ամրացրեք ցանցավանդակ, պատշգամբը պետք է ունենա բարձր բազրիք։ Միշտ հետեւեք, որ բացած պատուհանի կողքին կամ պատշգամբում չլինի աթոռ, որի վրա բարձրանալով երեխան կարող է վայր ընկնել։
- Մահճակալը տեղադրեք պատուհաններից հեռու, քանի որ երկրաշարժի, ուժեղ քամու եւ այլ պատճառներով կոտրված ապակիները, փլվող պատը կարող են ընկնել հենց երեխայի վրա։ Բացի այդ, պատուհանին մոտ լինելու դեպքում, անկողնուն կանգնելով, երեխան կարող է հեշտությամբ դուրս կախվել եւ ընկնել։
- Գրքերի դարակները, նկարները եւ այլ ծանր իրերը մի՛ կախեք կամ տեղադրեք մահճակալների վերեւում։ Նույնիսկ թույլ երկրաշարժի դեպքում դրանք կարող են ընկնել քնած մարդու վրա։
- Հեռու պահեք պոլիէթիլենի տոպրակները, քանի որ խաղալիս երեխան կարող է դրանք գլխին քաշել ու շնչահեղձ լինել։ Դեն նետելուց առաջ մի զլացեք հանգուցել պոլիէթիլենի տոպրակը։
- Վտանգավոր իրերը` լուցկին, կրակվառիչը, պայթունավտանգ, դյուրավառ, թունավոր, քայքայիչ նյութերը եւ դեղերը պահեք երեխաներին անհասանելի հատուկ տեղերում, կրակի ու ջերմության աղբյուրներից հեռու։ Երեխաներից հեռու պահեք նաեւ սուր առարկաները (դանակ, մկրատ, ասեղ), կոտրված ապակիներն անմիջապես թափեք։
- Սալօջախի վրա կաթսաների բռնակները շրջեք այնպես, որ երեխաները չկարողանան դրանց հասնել ու շրջել իրենց վրա։
- Ջուրը շատ մի՛ տաքացրեք, եթե հետագայում այն օգտագործելու համար պետք է հովացնեք։
- Տաք ջրով կաթսաները կամ դույլերը մի՛ թողեք միջանցքներում կամ այլ վայրերում, որտեղ երեխան կարող է սայթաքել եւ շրջել դրանք։
- Մի՛ թողեք փոքր երեխաներին առանց հսկողության լոգարանում, խոհանոցում կամ այն վայրերում, ուր միացրած ջեռուցիչներ կամ այլ տաք առարկաներ կան։
- Տաք սնունդով ամանները դրեք երեխայից հեռու։ Մի՛ խմեք թեյ կամ այլ տաք հեղուկ, երբ ձեր ծնկներին երեխա է նստած։
- Քիմիական նյութերը պահեք երեխաներից հեռու։ Քայքայիչ նյութերի սրվակների վրա ունեցեք նախազգուշացնող պիտակներ։
- Զգույշ եղեք կրակի հետ։ Մի՛ ծխեք անկողնում։ Մի՛ թողեք վառվող մոմերն առանց հսկողության։ Թույլ միþ տվեք երեխաներին խաղալ լուցկու, գազայրիչների եւ կրակի այլ աղբյուրների հետ։
Երեխայի խաղալիքները
Երեխայի կյանքում մեծ նշանակություն ունեն խաղերը եւ խաղալիքները, որոնց միջոցով նրանք ճանաչում են աշխարհը, ձեռք են բերում նոր հմտություններ, զարգացման ճարպկություն եւ երեւակայություն։ Այդ իսկ պատճառով հատուկ ուշադրություն դարձրեք խաղալիքների ընտրությանը։
Փոքրիկ երեխաներին թույլ մի՛ տվեք խաղալ մանր խաղալիքներով, լոբու հատիկներով, կոճակներով եւ այլն։ Եթե տանը մեկից ավելի երեխա կա, ապա մեծին բացատրեք, թե ինչ խաղալիքներ չի կարելի տալ փոքրիկին։ Ուշադիր եղեք նոր խաղալիք գնելիս՝ միþ գնեք ներկի կամ այլ տհաճ հոտ ունեցող խաղալիքներ, քանի որ դրանք կարող են թունավոր լինել։ Ուշադրություն դարձրեք տարիքային սահմանափակումները նշող պիտակներին. խաղալիքը պետք է համապատասխանի երեխայի տարիքին, զարգացման մակարդակին եւ անվտանգության չափանիշներին։
Ծանոթացեք խաղալիքի օգտագործման ցուցումներին եւ հետեւեք դրանց։ Սովորեցրեք երեխային խաղից հետո միշտ հավաքել խաղալիքները ոչ միայն նրա մեջ կարգապահություն դաստիարակելու համար, այլ նաեւ բացատրեք, որ այդ խաղալիքների վրա կանգնելով նա եւ ուրիշները կարող են սայթաքել ու ընկնել‚ ստանալ տարբեր վնասվածքներ։