Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում թունավորման տարբեր դեպքեր։ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ եւ պահանջում են անհապաղ առաջին օգնություն։ Մարդու կյանքի համար անհրաժեշտ է սնունդ, սակայն, ցավոք, անորակ սննդի ընդունումը երբեմն կարող է դժբախտ պատահարի պատճառ դառնալ։
Կլման ճանապարհով անցնող թույները մարդու օրգանիզմ են թափանցում մարսողական համակարգի միջոցով։ Դրանցից են օրինակ ալկոհոլը, դեղամիջոցները։ Այս խմբի թույները կարող են պարունակվել նաեւ սննդամթերքում, որոշ բույսերի, պտուղների մեջ։
Սննդային թունավորումներից ամենատարածվածը մանրէային թունավորումներն են։ Թունավորման պատճառ են դառնում սննդում գտնվող ախտածին մանրէների արտադրած թունավոր նյութերը։ Մանրէային թունավորումներ ավելի հաճախ են հանդիպում ապխտած մսի, երշիկի, ձկնեղենի, կաթնամթերքի, ձվի, տնային պայմաններում պատրաստված պահածոների ընդունման արդյունքում։
Սննդային մանրէային թունավորման դեպքում տուժածի մոտ լինում է սրտխառնոց, փսխում, լուծ։ Տուժածը բողոքում է որովայնի ցավերից, գլխացավից, գլխապտույտից։ Նրա մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ։ Բնականաբար նա ունենում է հիվանդագին տեսք, թույլ է լինում։
Ի՞նչ անել
Կլվող թույներով թունավորման դեպքում ամենաարդյունավետ օգնությունը արհեստական փսխում առաջացնելն է։ Դրա շնորհիվ տուժածի մարսողական համակարգից դեռեւս չներծծված թույները դուրս են բերվում։ Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որեւէ թաս, որի մեջ նա կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3լ գոլ ջուր։ Ցանկալի է ջրի յուրաքանչյուր լիտրի մեջ ավելացնել 1 գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում` մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով լեզվարմատը։ Փսխելիս տուժածի գլուխը պետք է մի քիչ առաջ թեքված լինի։ Ցանկալի է փսխման ընթացքում պահել տուժածի գլուխը` ձեռքով բռնելով նրա ճակատը ։ Երբեք մեջքի վրա պառկած վիճակում տուժածի մոտ փսխում մի’ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։
Ուշադրություն
Արհեստական փսխում չի կարելի առաջացնել, եթե թույնը քայքայիչ նյութ է կամ նավթային հիմք ունի։ Այս դեպքերում թույնի խտությունը նվազեցնելու համար տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ տվեք։ Կարող եք տալ նաեւ մածուն։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նաեւ այն դեպքե¬րում, երբ տուժածը սրտային հիվանդ է, հղի կին է կամ անգիտակից վիճակում է։
Թունավորման դեպքում ահազանգեք շտապ օգնություն։ Ցանկալի է, որ փսխուքը եւ թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ պահածոն, փակած ամանով ուղարկեք հիվանդանոց։
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները եւ ցուցաբերեք համապատասխան ԱՕ։
Բոտուլիզմ
Հատկապես այս վերջին տարիներին շատացել են մի խիստ վտանգավոր թունավորման` բոտուլիզմի դեպքերը։ Բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, եւ հաճախ էլ, եթե անգամ մարդը փրկվում է, հաշմանդամ է մնում ողջ կյանքի ընթացքում։ Մեր ժողովուրդն այնքան էլ լուրջ չի ընդունում այս թունավորման սպառնալիքը, եւ դրա համար էլ այդ ցավալի դեպքերը չեն նվազում։
Բոտուլիզմի դեպքեր պատահում են տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, երբեմն նաեւ ապխտած մսից եւ ձկնեղենից։
Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի, մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Նկատի ունեցեք, որ անգամ լավ լվացված բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր շատ բարենպաստ պայմաններ են նրա կենսագործունեության համար։ Ինքը` հարուցիչը վտանգավոր չէ, սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն` բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։
Հիշեք, որ բոտուլոտոքսին պարունակող մթերքը ոչնչով` ոչ համով, ոչ հոտով, ոչ տեսքով չի տարբերվում նորմալից։ Սակայն եկեք չանտեսենք, որ կա կանխարգելման մի պարզ միջոց։ Բավական է օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացնել պահածոյի պարունակությունը, եւ թույնը կչեզոքանա, քանի որ ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչի, նրա արտադրած թույնը շատ ջերմազգայուն է։
Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել
Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչեւ 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են արտահայտվել եւ ավելի ուշ։ Թույնի ազդեցությունից տուժածի մոտ առաջանում է մկանների թուլացում։ Տուժածի մոտ լինում է ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն։ Բնորոշ է, որ տեսողությունը կարող է մշուշված եւ երկատված լինել, հնարավոր է կոպերի իջեցում, շլություն։ Խանգարվում է տուժածի խոսքը, ձայնը խռպոտում է։ Դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ։ Տուժածի որովայնը կարող է փքված լինել։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։
Ի՞նչ անել 
Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք եւ մինչեւ շտապ օգնության ժամանելըառաջացրեք արհեստական փսխում։ Ահազանգեք բոտուլիզմով թունավորման անգամ չնչին կասկածի դեպքում կամ հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվանդանոց` սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժանմունք։ Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկածելի կերակրի նմուշները։
Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, եւ տուժածին անպայման պետք է տեղափոխել հիվանդանոց։ Երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։
Ջրազրկում
Սննդային թունավորումների դեպքում տուժածի կարող է ունենալ լուծ եւ փսխում, որոնց հետեւանքով հաճախ նկատվում են ջրազրկման երեւույթներ։ Դա հատկապես վտանգավոր է երեխաների ու տարեց մարդկանց համար։
Տուժածի ջրազրկման մասին է վկայում ծարավի զգացումը, բերանի չորությունը։ Ջրազրկված տուժածի անոթազարկը հաճախանում է, թուլանում է մաշկի առաձգականությունը, ձայնը նվաղում է, հնարավոր են ցնցումներ։
Այս նշաններից անգամ մեկ-երկուսի ի հայտ գալու դեպքում պետք է շտապ լրացնել հեղուկի եւ աղերի կորուստը։ Դրա համար տուժածին տվեք ջրազրկման բուժման համար նախատեսված լուծույթներ, օրինակ ռեհիդրոն, օրալիտ` պահպանելով դրանց պատրաստման եւ օգտագործման կանոնները։
Դուք կարող եք նաեւ ինքնուրույն պատրաստել ջրազրկման ժամանակ տրվող հետեւյալ լուծույթը. 3-4 թեյի գդալ շաքարը եւ կես թեյի գդալ աղը լուծեք 1 լիտր` այսինքն 4-5 բաժակ ջրում։ Ժամը մեկ տուժածին տվեք առնվազն 2 բաժակ այդ լուծույթից։ Ցանկալի չի տուժածին կես լիտրից ավել սովորական ջուր տալ։
Թունավորումների կանխարգելում
Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան օգնել թունավորված տուժածին։ Շատ հաճախ երեխաների թունավորման պատճառը մեծահասակների անզգուշությունն է։ Եթե դուք հետեւեք մեր առաջարկած քայլերին, ապա կնվազեցնեք թունավորման դեպքերը։
- Տնային պայմաններում պատրաստված պահածոն օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացրեք։ Հիշեք, որ պահածոն պատրաստելիս եռացնելը օգուտ չի տալիս, այն պետք է եռացնել օգտագործումից առաջ։
- Մի՛ օգտագործեք կասկածելի արտադրության սննդամթերք։ Օգտագործեք գործարանային արտադրության պահածոներ։
- Բոլոր դեղամիջոցները, թունավոր նյութերը պահեք դժվար բացվող տուփերում եւ դրեք երեխաներին անհասանելի տեղում։
- Թունավոր նյութերը պահեք գործարանային սրվակներում, հակառակ դեպքում այդ նյութերի սրվակների վրա նախազգուշացնող պիտակներ կպցրեք։ Բացատրեք այդ նշանների իմաստը երեխաներին։
- Երբեք մի՛ պահեք թունավոր նյութերը կերակրի համար նախատեսված տուփերի եւ տարողությունների մեջ։
- Երեխաներին դեղ տալիս երբեք այն կոնֆետ մի՛ կոչեք, այլ ճշտեք, որ սա դեղ է, ոչ թե քաղցր հյութ կամ կոնֆետ։ Երեխայի ներկայությամբ դեղորայք մի՛ ընդունեք, որովհետեւ նա կարող է ձեզ նմանակել եւ խմել դեղը։
- Մի՛ օգտագործեք ժամկետանց դեղորայք կամ սննդամթերք։