Հայաստանում ամռան շոգ ու տապ օրերին, երբ ջերմաստիճանը հասնում է մինչեւ 40 աստիճան եւ ավելի, հաճախ են հանդիպում բարձր ջերմաստիճանի գերազդեցության հետեւանքով առաջացած ջերմային խանգարումներ։ Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ մեծ մասամբ անտեղյակ ենք, թե ինչպես վարվել այդ դեպքում, ինչ անել։
Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 36.6 OC է, որի կայունությունն ապահովվում է ջերմակարգավորման համակարգի միջոցով։ Հենց այդ համակարգի նորմալ գործունեության արդյունքում է, որ մարդու մարմինը կարողանում է դիմակայել արտաքին միջավայրի ջերմաստիճանի բավական մեծ տատանումներին։ Սակայն բարձր ջերմաստիճանի երկարատեւ ազդեցության հետեւանքով մարմնի ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել՝ հանգեցնելով տարբեր հիվանդագին վիճակների, ինչպիսիք են արեւահարությունը, ջերմային հյուծումը։
Կան որոշակի գործոններ, որոնք ազդում են մարմնի ջերմակարգավորման վրա։ Դրանք են ջրազրկումը, թերսնումը, վնասվածքների առկայությունը, առողջական վիճակը, տարիքը, ինչպես նաեւ տարած ջերմային խանգարումների նախադեպերը։
Արեւահարություն
Արեւահարությունը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է գլխի վրա արեւի ճառագայթների անմիջական եւ երկարատեւ ազդեցության հետեւանքով։ Պետք է նշել, որ մանկահասակ երեխաներն ավելի խոցելի են արեւի ճառագայթների անմիջական ազդեցության նկատմամբ, քանի որ նրանց գանգի ոսկրերը բարակ են, մաշկն ու մազերը՝ նուրբ։
Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել
Արեւահարության նշանները կարող են ի հայտ գալ ինչպես անմիջապես հետո, այնպես էլ արեւի ճառագայթների ներգործությունից մի քանի ժամ անց։ Արեւահարման ժամանակ տուժածի մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 39 աստիճան եւ ավելի, դեմքի եւ պարանոցի մաշկը լինում է կարմրած ու չոր։ Տուժածը գանգատվում է գլխացավից, գլխապտույտից, թուլությունից։ Նա կարող է ականջներում աղմուկ զգալ, ունենալ սրտխառնոց, փսխում, արյունահոսություն քթից, հնարավոր են գիտակցության խանգարումներ եւ կորուստ։ Արեւահարությունը շատ լուրջ իրավիճակ է։ Դա կարող է մարդու կյանքին անմիջական վտանգ սպառնալ։ Երբեք անուշադրության մի՛ մատնեք այս վիճակը, անհապաղ սկսեք ցուցաբերել առաջին օգնություն եւ դիմեք բժշկի։
Ի՞նչ անել
Երբ մարդու մոտ նկատում եք արեւահարության նշաններ, ապա նրան անմիջապես տեղափոխեք հով, ստվերոտ վայր, օգնեք հարմար դիրք ընդունել։ Արձակեք ճնշող կապերը, թեթեւացրեք հագուստը։ Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով։ Եթե տուժածը գիտակցությունը չի կորցրել, տվեք խմելու սառը, քաղցր հեղուկներ։
Եկեք վերհիշենք, որ քթից արյունահոսության դեպքում տուժածի գլուխը պետք է առաջ թեքել, որ արյունը շնչուղիների խցանման պատճառ չդառնա։
Անհապաղ ահազանգեք շտապօգնություն, եթե մարմնի ջերմաստիճանը հասնում է 39-ի եւ դրանից բարձր կամ տուժածն ունի գիտակցության խանգարումներ։ Մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները։
Ջերմային հյուծում
Հիմա եկեք անդրադառնանք ջերմային մյուս խանգարմանը` ջերմային հյուծմանը։ Ջերմային հյուծումը շոկի մի տեսակ է, որը զարգանում է առատ քրտնարտադրության հետեւանքով մարմնի ջրազրկումից։
Տաք միջավայրում գտնվելու ընթացքում քրտնարտադրությունն ուժեղանում է, որի հետեւանքով տուժածը մեծ քանակով հեղուկ եւ աղեր է կորցնում (շոգ օրվա ընթացքում մարդը կարող է կորցնել մինչեւ 10 լիտր հեղուկ)։ Այս կորուստը բերում է շրջանառող արյան ծավալի նվազեցման։ Արդյունքում ամբողջ մարմնի արյունամատակարարումը խանգարվում է։ Զարգանում է շոկային իրավիճակ՝ ջերմային հյուծում։
Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել
Ջերմային հյուծումով տուժածի մաշկը գունատ է, խոնավ, սառը։ Նա գանգատվում է գլխացավից, գլխապտույտից, ծարավի զգացումից։ Տուժածը լինում է թույլ, ունենում է սրտխառնոց, փսխում։ Նրա անոթազարկն ու շնչառությունը հաճախացած են։ Փաստորեն նրա մոտ նկատվում են այն բոլոր նշանները, որոնք բնորոշ են շոկին։ Հնարավոր է, որ տուժածի մարմնի ջերմաստիճանը լինի նորմալ կամ սովորականից մի փոքր բարձր կամ ցածր։
Ի՞նչ անել
Հանդիպելով նման վիճակում գտնվող տուժածի՝ խորհուրդ տվեք դադարեցնել աշխատանքն ու անմիջապես տեղափոխեք նրան հով, ստվերոտ վայր։ Պառկեցրեք‚ բարձրացրեք ոտքերը մոտ 20-30սմ։ Թուլացրեք ճնշող կապերը եւ թեթեւացրեք հագուստը։ Եթե տուժածը գիտակցությունը չի կորցրել, տվեք խմելու սառը հանքային ջրեր կամ ջրազրկման ժամանակ տրվող հեղուկից։
Անհապաղ ահազանգեք շտապօգնություն եւ մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները։
Կանխարգելում
Սովորաբար բարձր ջերմաստիճանից առաջացած արտակարգ իրավիճակները հնարավոր է կանխել՝ հետեւելով ստորեւ բերված խորհուրդներին.
- Ամռանը, շոգ եղանակին խմեք շատ հեղուկներ՝ օրը 2-3 լիտրի չափ։ Ցանկալի է օգտագործել հանքային ջրեր, հյութեր։
- Արեւի տակ գտնվելիս պաշտպանեք գլուխը՝ դնելով գլխարկ կամ գլուխը հովանոցով պաշտպանելով։ Շոգ եղանակին հնարավորության դեպքում հագեք բաց գույնի բամբակյա հագուստ։ Խուսափեք օրվա ամենաշոգ եւ արեւի բարձր ակտիվության ժամերին՝ 12-ից 15-ը դուրս գալուց։
- Ամռանը դրսում աշխատելիս ծրագրավորեք ձեր աշխատանքը վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին, երբ արեւի ակտիվությունն այնքան էլ բարձր չէ։ Հաճախակի ընդմիջումներ կատարեք։ Դա թույլ է տալիս դիմակայել բարձր ջերմաստիճանի կարճատեւ ազդեցությանը։