ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առաջին օգնություն

Ողնաշարի վնասվածքներ

Անդրադառնանք ողնաշարի վնասվածքներին։ Այս վնասվածքների հետեւանքով առաջացած հաշմանդամությունն ու մահացությունը շատ բարձր է։ Ողնաշարի վնասվածքները հաճախ ավտովթարի, բարձրությունից վայր ընկնելու կամ սպորտային պատահարների հետեւանք են։ Դրանք կարող են կյանքի համար վտանգավոր լինել, այդ իսկ պատճառով շատ կարեւոր է համապատասխան ճիշտ օգնություն ցուցաբերելը։ Հաճախ վնասվածքի ճիշտ ախտորոշումը հնարավոր է լինում միայն ռենտգեն հետազոտությունից հետո։ Ուստի, քանի որ դուք չեք կարող անմիջապես գնահատել վնասվածքի ծանրությունը, միշտ ենթադրեք, որ գործ ունեք լուրջ վնասվածքի հետ։


Ինչպե՞ս ճանաչել


Մի շարք նշաններ կարող են հուշել ողնաշարի վնասվածքների մասին։ Դրանց լրջությունը որոշելիս ձեզ կօգնեն դեպքի վայրի զննումը եւ վնասվածքի պատճառը, օրինակ ավտովաթարը, բարձրությունից ընկնելը, ուժեղ հարվածը մեջքին եւ այլն։
Տուժածը կարող է պարանոցում, մեջքում ուժեղ ցավ կամ ճնշում զգալ։ Մեջքի վրա կարող եք նկատել անսովոր այտուցվածություն, դուրս ցցված կամ փոս ընկած մասեր։ Տուժածը վերջույթներում կարող է թմրածություն կամ ծակծկոցներ ունենալ։ Հնարավոր է, որ նա չզգա ձեռքերն ու ոտքերը եւ չկարողանա դրանք շարժել։ Տուժածի գիտակցությունը կարող է խանգարված լինել։


Ի՞նչ անել


Եթե անգամ ողնաշարի վնասվածքի չնչին իսկ կասկած ունեք‚ գործեք շատ զգույշ, հնարավորին չափ սահմանափակեք տուժածի գլխի եւ ողնաշարի շարժումները։ Գլխի եւ ողնաշարի յուրաքանչյուր շարժում կարող է վնասել ողնուղեղը եւ զգալիորեն վատթարացնել տուժածի վիճակը, հանգեցնել անդառնալի հաշմանդամության, անդամալուծության։
Ուստի ողնաշարի վնասվածքների դեպքում օգնության հիմնական քայլը, որ կիրառվում է, մեկ առանցքով անշարժացման տեխնիկան է։ Մեկ առանցքով մարմինն անշարժացնելու համար երկու ձեռքով բռնեք տուժածի գլուխը կողքերից, զգուշորեն բերեք այն մարմնի հետ նույն առանցքի վրա եւ այս դիրքում պահեք մինչեւ շտապօգնության գալը։ Գլխի դիրքը չի կարելի փոխել, եթե այն անբնականորեն մի կողմ է թեքված կամ շարժելուց տուժածը ցավ, դիմադրություն կամ ճնշում է զգում։ Բոլոր այդ դեպքերում անշարժացրեք տուժածի գլուխն ու պարանոցը եղած դիրքում՝ կողքերից դնելով բարձեր, ծածկոց, փափուկ պայուսակ եւ այլն։
Ամեն դեպքում ողնաշարի վնասվածքով տուժածի հետ եղեք զգույշ, խուսափեք ցանկացած շարժումներից։
Ողնաշարի պարանոցային հատվածի վնասվածքների դեպքում անհրաժեշտ է պարանոցն անշարժացնել։ Դրա համար կիրառվում են պարանոցային բեկակալներ օձիքի տեսքով։ Կարող եք նաեւ ձեռքի տակ եղած միջոցներից պատրաստել «օձիք»։ Դրա համար կարելի է օգտագործել եռանկյունաձեւ վիրակապ կամ որեւէ նման կտոր։ Եռանկյունաձեւ վիրակապի միջին երրորդ մասում տեղադրեք մի քանի տակ ծալված եռանկյունաձեւ վիրակապեր, փոքր սրբիչներ կամ այլ գործվածքներ։ Եռանկյունաձեւ վիրակապի ազատ մնացած եզրերը փաթաթեք այնպես, որ ստացվի 8-10 սմ լայնությամբ գոտի, որի ներսում փափուկ գործվածքներն են, իսկ ծայրերը կարելի է կապել։ Օձիքը տեղադրեք երկու հոգով, դրա համար ստացված գոտին մեջտեղի մասով տեղադրեք տուժածի կզակի տակ, փաթաթեք պարանոցի շուրջը, ծայրերը հետ բերեք եւ կապեք կզակի տակ։ Այս դիրքում տուժածի պարանոցը համեմատաբար անշարժ է։


Եթե տուժածը փսխում է կամ կորցրել է  գիտակցությունը...


Ողնաշարի վնասվածքով տուժածի շնչուղիները բացելիս բարձրացրեք միայն կզակը՝ առանց գլուխը հետ տանելու, դա լիովին բավական է, որ օդն անցնի շնչուղիներով։ Շնչառության առկայության մասին կարելի է դատել կրծքավանդակի շարժումներով, շնչառական ձայներով։
Եթե ողնաշարի վնասվածքով տուժածը կորցրել է գիտակցությունը, անհրաժեշտ է նրան շրջել կողքի ապահովության դիրքի՝ շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար։ Այս դեպքերում տուժածի գլխի, պարանոցի եւ մեջքի շարժումները նվազագույնի հասցնելու նպատակով այդ գործողությունը պետք է կատարել առնվազն երկու հոգով։ Ընդ որում մեկը պետք է շրջի տուժածի մարմինը, իսկ մյուսն ապահովի մեկ առանցքով անշարժացումը։
Ապահովեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը՝ ծածկելով նրան եւ հնարավորության դեպքում տակը որեւէ ծածկոց անցկացնելով։
Ողնաշարի վնասվածքները չափազանց վտանգավոր են եւ պահանջում են մասնագիտական բժշկական օգնություն։ Դրա համար հնարավորինս արագ ահազանգեք շտապօգնություն։


Եթե տեղափոխելու կարիք կա...


Ողնաշարի վնասվածքներով տուժածին չի կարելի տեղաշարժել։ Տեղափոխեք նրան միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում‚ կամ եթե մասնագիտական օգնությունը չի կարող մոտենալ տուժածին։ Տեղափոխման ընթացքում հատուկ ուշադրություն դարձրեք տուժածի գլխին եւ ողնաշարին՝ խուսափելով լրացուցիչ շարժումներից եւ ոլորումներից։
Հնարավորության դեպքում մենակ մի տեղափոխեք տուժածին, խնդրեք մոտակայքում գտնվող մարդկանց օգնել ձեզ։ Միշտ հիշեք, որ մի քանի հոգով տեղափոխում կատարելիս պետք է նախ համոզվել, որ բոլորը գիտեն, թե ինչ պետք է անեն եւ նախապես որոշեք, թե ով պիտի տա հրահանգները։ Սովորաբար հրահանգները տալիս է գլխի մոտ կանգնած անձը։
Ողնաշարի վնասվածքով տուժածին տեղափոխելիս պետք է ապահովել մեկ առանցքով անշարժացման սկզբունքը, ուստի պետք է տեղափոխել պատգարակով կամ եթե հնարավոր չէ՝ ծածկոցով։
Ծածկոցով տեղափոխելու համար անհրաժեշտ է առնվազն 4 հոգի։ Մինչեւ տեղափոխելը պետք է համոզված լինեք, որ ծածկոցը շատ ամուր է։ Ծածկոցը երկարությամբ փռեք տուժածի կողքին եւ նրան մոտ գտնվող եզրը փաթաթեք ծածկոցի լայնության կեսի չափով։ Ապա մյուս կողմում գտնվող երկու փրկարարները բռնելով տուժածի ուսից, կոնքից ու ֆիքսելով ոտքերը՝ տուժածին համաչափ թեքում են կողքի, այդ ծածկոցի կողմում գտնվող փրկարարները ծածկոցի գալարը հնարավորին չափ խոր տեղադրում են տուժածի մեջքի տակ։ Ցանկալի է, որ հինգերորդ մարդն այդ ընթացքում մարմնի հետ մեկ գծի վրա պահի տուժածի գլուխն ու պարանոցը եւ մարմնի հետ համաչափ թեքի։ Նույն կերպ հակառակ կողմից զգուշորեն շրջելով տուժածին մյուս կողմի վրա՝ պետք է մեջքի տակից բացել ծածկոցի գալարը։ Տուժածին մեջքով պառկեցրեք ծածկոցի վրա, ապա նրա երկու կողմերից փաթաթեք ծածկոցի եզրերը հնարավորին չափ տուժածին մոտ։ Այնուհետեւ‚ փրկարարներից երկուսը պետք է կանգնեն ուսերի կողմը, մյուս երկուսը՝ ոտքերի , եւ ամուր բռնելով ծածկոցի փաթաթված եզրերը, սպասեն գլխի մոտ կանգնած փրկարարի հրահանգին։ Հրահանգի համաձայն բոլորը միաժամանակ բարձրացնում եւ տեղափոխում են տուժածին։


Պատգարակով  տեղափոխում


Կարելի է օգտագործել պատրաստի պատգարակ կամ ինքնուրույն պատրաստել այն՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներ‚ ինչպես օրինակ, ծածկոց, հագուստ, մետաղյա կամ փայտյա ձողեր։
Տուժածին պատգարակով տեղափոխելու համար անհրաժեշտ է առնվազն երկու մարդ, սակայն ցանկալի է չորս հոգի։ Շատ կարեւոր է համաձայնեցված գործելը։
Առաջին հերթին պետք է տուժածին զգուշորեն տեղափոխել պատգարակի վրա։ Դրա համար դրեք պատգարակը տուժածի անմիջապես կողքին։ Գլխի եւ ոտքերի մոտ կանգնածները պետք է ոտքով պահեն պատգարակի բռնակները, որպեսզի այն չհեռանա կամ չտեղաշարժվի տեղափոխման ժամանակ։ Երեք կամ չորս հոգով հավասարաչափ բաշխելով տուժածի մարմնի ծանրությունը, այսինքն բռնելով նրան ուսերից, մեջքից, կոնքից ու ոտքերից, զգուշորեն բարձրացրեք եւ համաչափ տեղափոխեք նրան պատգարակի վրա՝ մարմինը մեկ գծով ուղիղ պահելով։
Այնուհետեւ կքանստեք եւ բռնեք պատգարակի բռնակներից։ Տուժածի գլխի մոտ կանգնած փրկարարի ազդանշանով բոլորդ միաժամանակ կանգնեք։ Գլխի մոտ կանգնած փրկարարի հրահանգով բոլորդ սկսեք քայլել, ընդ որում՝ տարբեր ոտքերից՝ պատգարակի ուժեղ տատանումներից խուսափելու համար ¥նկար գրքից¤։


Հոգեբանական  օգնությունը...


Ողնաշարի վնասվածքների դեպքում, հատկապես եթե դրանք ուղեկցվում են զգայունության եւ շարժունակության կորստով, միշտ հաշվի առեք տուժածի հոգեբանական վիճակը։ Սովորաբար այդ վնասվածքով տուժածը լինում է շատ վախեցած, քանի որ չի հասկանում՝ ինչ է կատարվել իր հետ, լինում է ընկճված, ապագայի հանդեպ անորոշության զգացումով, ամբողջ կյանքում հաշմանդամ մնալու վախով եւ այլն։ Այս պարագայում շատ կարեւոր է ոչ միայն սահմանափակել շարժումները եւ փորձել կանխել ողնուղեղի վնասումը, այլեւ ցուցաբերել հոգեբանական աջակցություն։ Ձեր խոսքը պետք է լինի համոզիչ, հանգիստ, կարեկցանքով լի, սակայն միաժամանակ հուսադրող։ Չպետք է փորձել կեղծ տպավորություն ստեղծել տուժածի մեջ, ասելով, որ ոչ մի լուրջ բան չի պատահել, որ ամեն ինչ շատ լավ կլինի. դրանով դուք կկորցնեք տուժածի վստահությունը ձեր հանդեպ, քանի որ նա ինքն էլ զգում է վիճակի լրջությունը։ Պետք է փորձել իրականության սահմաններում հուսադրել նրան ու թույլ չտալ, որ նա իրեն լքված ու միայնակ զգա իր դժբախտության հետ։ Հիմնականում դուք խոսեք, ոչ թե խոսեցրեք տուժածին, քանի որ այդ դեպքերում նրա համար դժվար է ոչ միայն խոսելը, այլ նույնիսկ շնչելը։ Եթե ձեզ պետք է ստանալ որեւէ հարցի պատասխան, աշխատեք հարցը ձեւակերպել այնպես, որ պատասխանը լինի այո կամ ոչ, եւ տուժածին առաջարկեք պայմանական պատասխանի ձեւ, օրինակ՝ աչքերը բացել կամ փակելով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`