Էլեկտրաեռակցման աշխատանքներ
- Շինություններում էլեկտրաեռակցման աշխատանքների կատարման մշտական տեղերի հատակը պետք է լինի չայրվող նյութերից։
- Առանց մեկուսացման կամ վնասված մեկուսացումով էլեկտրալարեր‚ ոչ ստանդարտ էլեկտրաապահովիչներ օգտագործել չի թույլատրվում։
- Էլեկտրաեռակցման հաղորդալարերը պետք է միացվեն մամլման‚ եռակցման‚ զոդման կամ հատուկ սեղմակների միջոցով։ Էլեկտրալարերը էլեկտրոդակալներին‚ եռակցող արտադրանքին եւ եռակցման ապարատին պետք է միացվեն պղնձե կաբելային ծայրոցների միջոցով։
- Էլեկտրաեռակցման սարքերին‚ բաշխիչ վահաններին եւ այլ սարքերին‚ ինչպես նաեւ եռակցման աշխատանքների տեղերին միացված էլեկտրալարերը պետք է ունենան հուսալի մեկուսացում եւ անհրաժեշտության դեպքում պաշտպանվեն բարձր ջերմաստիճանի ազդեցությունից‚ մեխանիկական վնասվածքներից‚ քիմիական փոխազդեցություններից։
- Էլեկտրաեռակցման մեքենաների կաբելները (լարերը) պետք է գտնվեն թթվածնի խողովակաշարից ոչ պակաս‚ քան 0‚5 մետր‚ իսկ ացետիլենի եւ այլ այրվող գազերի խողովակաշարից ոչ պակաս‚ քան 1մետր հեռավորության վրա։
- Եռակցող հանգույցները եռակցման հոսանքի աղբյուրին միացնելու համար‚ որպես հետադարձ հաղորդիչ‚ կարող են օգտագործվել ցանկացած կտրվածքի պողպատյա կամ ալյումինե հաղորդալարեր‚ եռակցման սալեր, դարակաշարեր եւ եռակցման կառուցատարրեր‚ եթե դրանց կտրվածքը, տաքացման տեսակետից, ապահովում է հոսանքի անվտանգ հաղորդում։ Առանձին տարրերը‚ որպես հետադարձ հաղորդիչ օգտագործելու դեպքում, իրար հետ պետք է միացվեն հեղույսների, սեղմակների եւ պտուտակամամուլների օգնությամբ։
- Ներքին երկաթուղիները‚ հողանցման կամ զրոյացման ցանցերը‚ շենքերի մետաղական կառուցատարրերը‚ հաղորդակցության ուղիները‚ տեխնոլոգիական սարքավորումները չի թույլատրվում օգտագործել որպես հետադարձ հաղորդիչ։ Այդ դեպքում եռակցման աշխատանքները պետք է կատարվեն երկու հաղորդալարով։
- Պայթունահրդեհավտանգ‚ հրդեհավտանգ շենքերում եւ շինություններում էլեկտրաեռակցման աշխատանքների կատարման ընթացքում‚ եռակցվող արտադրանքը հոսանքի աղբյուրին միացնող հետադարձ հաղորդալարն անպայման պետք է ունենա մեկուսացում։ Հետադարձ հաղորդալարի մեկուսացումը‚ էլեկտրոդակալին միացնող հաղորդալարի մեկուսացման հետ համեմատած‚ իր որակով չպետք է զիջի։
- Ձեռքով եռակցման համար օգտագործվող էլեկտրոդակալի կառուցվածքը պետք է ապահովի էլեկտրոդի հուսալի սեղմումը‚ էլեկտրոդի արագ փոխարինումը‚ բացառի ժամանակավոր ընդմիջումների կամ պատահական ընկնելու դեպքում կարճ միացումը։ Էլեկտրոդակալի բռնիչը պետք է պատրաստված լինի չայրվող դիէլեկտրական եւ ջերմամեկուսիչ նյութից։
- Էլեկտրաեռակցման ժամանակ օգտագործվող էլեկտրոդները պետք է լինեն գործարանային արտադրության եւ համապատասխանեն էլեկտրաեռակցման հոսանքի նոմինալ արժեքին։ Էլեկտրոդների փոխարինման ժամանակ դրանց մնացորդները պետք է հավաքվեն եռակցման տեղերի մոտ դրված մետաղյա արկղերի մեջ։ Եռակցումից առաջ էլեկտրոդները պետք է չորացվեն յուրաքանչյուր էլեկտրոդային ծածկույթի համար տեղեկաթերթիկում նշված ջերմաստիճանի տակ։ Էլեկտրոդների ծածկը պետք է լինի համասեռ‚ հոծ եւ առանց ճաքերի։
- Աշխատելու ժամանակ էլեկտրաեռակցման սարքավորումը պետք է հողակցված լինի։ Էլեկտրաեռակցման սարքավորումների հիմնական հողակցումից բացի պետք է հողակցվի նաեւ տրանսֆորմատորի երկրորդային փաթույթից եռակցվող հանգույց գնացող (հետադարձ) հաղորդալարի սեղմակը։
- Բացօդյա օգտագործվող շարժական եւ փոխադրովի էլեկտրաեռակցման սարքավորումները‚ մթնոլորտային տեղումներից պաշտպանելու համար պետք է տեղադրվեն չայրվող նյութերից կառուցված ծածկարանների տակ։
- Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում ագրեգատները եւ գործարկման սարքերը պետք է մաքրվեն։ Եռակցման սարքավորման պլանային նախազգուշական վերանորոգումը պետք է կատարվի թողարկվող գործարանի կողմից նշված ժամկետներում։
- Եռակցման սարքավորման առանձին մասերի (տրանսֆորմատորների‚ առանցքակալների‚ խոզանակների‚ երկրորդային շղթայի հպակների) տաքացման ջերմաստիճանը 750 C-ից ավելի չպետք է լինի։