Հրդեհ կարող է բռնկվել աննշան կայծից, իսկ շատ դեպքերում այն անփութության, անուշադրության հետեւանք է։ Բնակելի տներում ու գործատեղերում տաքացման պարագաների եւ էլեկտրականությամբ աշխատող ամեն տեսակի սարքավորումների ոչ ճիշտ օգտագործումը, դրանց հետ անփույթ, անպատասխանատու վարվելը, հրդեհային անվտանգության կանոնների ամենաաննշան խախտումն անգամ բավական են, որ հանկարծահաս հրդեհը լափի հսկայական չափերի հասնող նյութական արժեքներ, սպառնա մարդկանց կյանքին ու առողջությանը։
Հրդեհից պետք է զգուշանալ տարվա բոլոր եղանակներին, ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան։ Ձմռանը, երբ սկսվում է ջեռուցման շրջանը, կան մարդիկ, որոնք բնակարաններում օգտագործում են տաքացնող զանազան ինքնաշեն սարքեր, տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, ապահովության կասկածելի աստիճանի վառարաններ։ Սա տեղով վտանգ է, սակայն, կարծես վտանգն ավելի մեծացնելու համար, ոմանք հաճախ այդ ինքնաշեն սարքերը թողնելով առանց հսկողության կամ երեխաներին կարգելով պահապան՝ տեւական ժամանակով բացակայում են տնից։
Վելուծությունը ցույց է տալիս, որ հատկապես ձմռան ամիսներին մեծ թիվ են կազմում վառարանների եւ կենցաղային ջեռուցման սարքավորումների տեղակայման եւ շահագործման կանոնների խախտման հետեւանք հրդեհները։ Բավական է նշել, որ միայն անցած ջեռուցման ժամանակահատվածում (2002 թ. նոյեմμերից մինչեւ 2003 թ. մարտը ներառյալ) հանրապետությունում արձանագրվել է նմանօրինակ հրդեհի 177 դեպք։ Զոհվել է 6 եւ վնասվածքներ ստացել 4 մարդ։ Վերահաս վտանգից խուսափելու համար պետք է մեկընդմիշտ հիշել, որ վառարաններ եւ կենցաղային ջեռուցման սարքեր օգտագործելիս արգելվում է՝ վառարանները տեղադրել ելքի-մուտքի ուղիներում եւ թողնել առանց հսկողության, վառարանները գործարկելու համար օգտագործել բենզին եւ այլ դյուրավառ հեղուկներ, բնակելի շենքերում ծխահեռացման համար օգտագործել օդափոխման եւ գազային անցուղիները, վառարանները տեղադրել այրվող պատերից, միջնորմներից, ինչպես նաեւ վառողունակ իրերից ու առարկաներից 1,5 մետրից պակաս հեռավորության վրա, վառարանի գործարկումն առանց 3 սմ հաստության ավազի շերտով լցված մետաղական տակդիրների, որը վառարանի առջեւի կողմից պետք է դուրս գա 50 սմ, իսկ կողքերից՝ 25 սմ, թիթեղյա վառարանների ծխնելույզը դուրս μերել տանիք. թիթեղյա ծխնելույզներն անհրաժեշտ է երկարացնել եւ լուսամուտով դուրս հանել, վառարանի վրա, նրան մոտ պահել կամ չորացնել լվացք, վառելափայտ եւ այլ վառողունակ իրեր ու նյութեր, գործող վառարանները թողնել առանց հսկողության կամ դրանց հսկողությունը վստահել երեխաներին, հեղուկ վառելանյութով գործող ջեռուցման սարքերը, մասնավորապես՝ նավթավառը, լիցքավորել աշխատանքի ժամանակ, օգտագործել ոչ ստանդարտ (տնայնագործական), շիկացման μաց գալարագծերով եւ 2 կվտ հզորությունը գերազանցող էլեկտրաջեռուցիչ սարքեր, շահագործել վնասված մեկուսացումով (մեկուսիչ հատկությունները կորցրած) մալուխներ եւ էլեկտրասալեր, օգտվել անսարք վարդակներից, անջատիչներից, այլ տիպի էլեկտրական հարմարանքներից ու սարքերից, գործարանային ապահովիչների փոխարեն օգտագործել ինքնասարք ապահովիչներ, այսպես կոչված "խծուծալարեր", էլեկտրական տաքացման պարագաների տեղադրումն առանց հրակայուն տակդիրի եւ իրերից ու առարկաներից մեկ մետրից պակաս հեռավորության վրա, էլեկտրական ցանցին միացնել նորմայից շատ էլեկտրասպառիչներ, առանց հսկողության էլեկտրական ցանցին միացված թողնել էլեկտրաջեռուցման սարքեր ու այլ էլեկտրասպառիչներ եւ այլն։
Ցավոք, շատերը դրսեւորելով ավելորդ ինքն ավստահություն եւ անտարբերություն, ակամա վտանգի են ենթարկում իրենց կյանքը, ու կրակի բաժին են դառնում տարիների աշխատանքով ստեղծած ունեցվածքը։
Հրդեհային անվտանգության վերոհիշյալ պահանջների կատարումն ու պարզապես զգոնությունը թույլ կտան խուսափել հավանական հրդեհներից, պահպանել կյանքն ու ունեցվածքը։