Ամանորյա տոների ընթացքում բնակչության անվտանգության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը հանձնարարել է ՀՀ ԱԻՆ ՀՓԾ պետական հրդեհային տեսչությանը իրականացնել նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ համապատասխան օբյեկտներում. մարզամշակութային, ուսումնական, մանկական, հանրային սննդի եւ մարդկանց զանգվածային ներկայության այլ օբյեկտներ։
Մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու, հրդեհներից ու դրանց ծանրագույն հետեւանքներից խուսափելու նպատակով Պետական հրդեհային տեսչությունը կոչով դիմում է հանրությանը. որպեսզի տոնական տրամադրությունը ոչնչով չխաթարվի, անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն հրդեհային անվտանգության կանոնները։
Մասնավորապես, տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (կամ ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ամուր պատվանդանի վրա, ընդարձակ սենյակում, որն ունենա մեկից ավելի տարահանման ելք։ Հարկավոր է հետեւել, որ տոնածառի շրջապատն ազատ լինի զանազան դյուրավառ իրերից, իսկ ճյուղերը չդիպչեն պատերին ու առաստաղին։ Չի թույլատրվում տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջեւ, իսկ հեռավորությունը դյուրավառ իրերից ու առարկաներից պետք է լինի 1 մետրից ոչ պակաս։
Տոնածառի էլեկտրալուսավորությունը պետք է անցկացնի մասնագետը փակ հաղորդալարերով` էլեկտրատեխնիկական նորմերի եւ կանոնների պահպանմամբ։ Լուսավորության համար պետք է օգտագործել 12 վոլտից ոչ ավելի լարվածության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերը` անպայման զոդել եւ հուսալիորեն մեկուսացնել։ Շատերը տոնածառը զարդարելիս օգտագործում են բամբակ, թուղթ, պլաստմասե խաղալիքներ, երեխաների համար մառլյայից ու բամբակից կարում են կոստյումներ։ Այդ բոլորը հեշտ բռնկվող նյութեր են, եւ բավական է մի փոքրիկ կայծ, որ տեղի ունենա բռնկում ու հրդեհ։
Արգելվում է տոնածառը լուսավորել մոմերով, բենգալյան կրակով հրավառություն անել եւ այդ սենյակում օգտագործել բաց կրակ։ Հատուկ ցանկանում ենք նշել, որ խստորեն արգելվում է տարբեր տեսակի հրավառությունների, ճայթռուկների (հատկապես` չինական արտադրության) օգտագործումը, որոնք խիստ հրդեհապայթյունավտանգ են։
Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ եւ այլն։ Տոնածառների հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք։ Չի կարելի փոքրահասակ երեխաներին թողնել տոնածառների մոտ առանց հսկողության։ Դա կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ։
Հարգելի քաղաքացիներ, միշտ հիշեք, որ անվտանգության կանոնների պահպանումը ձեզանից մեծ ջանքեր չի պահանջի, փոխարենը կապահովի ձեր անվտանգությունն ու բարձր տրամադրությունը ամանորյա հանդիսությունների ժամանակ։