Գազից հրդեհ է ծագում այն դեպքում, երբ գազի խողովակաշարում, օջախի կամ կոլոնկայի որեւէ հանգույցում առաջանում է անհերմետիկություն, որտեղից գազը հոսելով հասնում է բաց կրակին եւ բռնկվում։ Գազի խողովակաշարի եւ պարագաների անսարքություններից ծագած հրդեհը հանգցնելիս ամենից առաջ պետք է փակել խողովակաշարի վրա տեղադրված ընդհանուր փականը, դադարեցնել գազի հոսքը։ Երբ բռնկվում են բնակարանի իրերն ու առարկաները, հրդեհը պետք է հանգցնել սովորական միջոցներով եւ եղանակներով, որոնց մասին նշվեց վերեւում։
Հրդեհի ժամանակ ամենամեծ հրդեհավտանգությունը ներկայացնում է գազի բալոնը, որը տաքանալիս կարող է պայթել եւ առաջացնել ծանր հետեւանքներ։ Եթե հրդեհի ժամանակ կրակը տարածվում է դեպի հեղուկ գազի բալոնը, այն անհրաժեշտ է անմիջապես անջատել օջախից, հեռացնել բնակարանից, տանել դուրս, անվտանգ տեղ, հետո` վերացնել հրդեհը։
Հրդեհը հանգցնելն անհատական ավտոտնակներում եւ ավտոմեքենաներում
Ինչպես հայտնի է, երկաթյա ավտոտնակների պատերի մեջ դրված մեկուսիչ շերտը երբեմն լինում է այրվող նյութից, որի բռնկվելիս հրդեհը տարածվում է փակ տարածության մեջ` բարդացնելով նրա վերացնելը։ Այս դեպքում խորհրուրդ է տրվում պատի վերեւի մասի թիթեղը պոկել, այնտեղից ջուր լցնել եւ հանգցնել կրակը։
Եթե կրակով բռնկվել է մեքենայի կարբյուրատորը կամ բենզինի բաքը, դրանք պետք է փաթաթել ասբեստի ծածկոցով եւ մեկուսացնել օդից։ Այդ հրդեհները կարելի է հանգցնել ավազով, հողով։ Ասբեստի ծածկոցի բացակայության դեպքում կարելի է օգտագործել բրդյա ծածկոց։ Խորհուրդ է տրվոււմ, հնարավորության դեպքում, ծածկոցը նախօրոք թրջել ջրում, հետո փաթաթել վառվող մասը կամ հանգույցը եւ այդ ձեւով, հանգցնել հրդեհը։
Ավտոտնակում հրդեհ հանգցնելիս անմիջապես պետք է այնտեղից հեռացնել բենզինը եւ քսայուղերը, որոնք դեռ բռնկված չեն կրակով, իսկ եթե բռնկված են եւ սպառնում են ավտոմեքենային, այն անհապաղ պետք է հեռացնել ավտոտնակից։
Մեքենայի շարժիչի կամ այլ հանգույցի հրդեհը կարելի է հանգցնել կրակմարիչով։ Եթե հրդեհը սկսվել է ընթացքի ժամանակ եւ մեքենայի մեջ ոչ մի հրդեհաշիջման միջոց չկա, ապա պետք է դիմել ամենածայրահեղ միջոցին՝ հրդեհը մարել պիջակով կամ վերարկուով, իսկ եթե մոտակայքում ջուր կա, դրանք նախօրոք թրջել ջրի մեջ եւ հանգցնել կրակը։