Վերլուծությունը ցույց է տալիս, որ հրդեհների առաջացման առավել տարածված պատճառներից է էլեկտրական սարքավորումների՝ այդ թվում կենցաղային, տեղակայման եւ շահագործման կանոնների խախտումը։ Նախ դիտարկենք էլեկտրատնտեսության անսարքությունները եւ հրդեհավտանգությունը։
Էլեկտրատնտեսության անսարքություններն են՝ հաղորդալարերի կարճ միացումը, ցանցի ծանրաբեռնվածությունը, փոփոխական լարվածությունների եւ կայծերի առաջացումը։
Կարճ միացումն այն երեւույթն է, երբ լարման տակ գտնվող տարանուն հաղորդալարերը միանում են մեկը մյուսին, չափազանց փոքր դիմադրության միջոցով։ Դա տեղի է ունենում հիմնականում հաղորդալարերի եւ էլեկտրասարքավորումների հոսանքատար մասերի մեկուսիչ շերտի, տարբեր պատճառներից առաջացած վնասվածքների հետեւանքով, երբ հոսանքը սպառիչին չհասած, առանց որեւէ դիմադրության հանդիպելու մի հաղորդալարից անցնում է մյուսը։ Գործնականում ապացուցված է, որ կարճ միացման ժամանակ ցանցի դիմադրությունը միանգամից փոքրանում է, շատ դեպքերում հավասարվում զրոյի, որի ժամանակ հոսանքի ուժն ակնթարթորեն մեծանում է, հասնում մինչեւ հազարավոր ամպերների։ Հոսանքի ուժի մեծացման հետ քառակուսի անգամ ավելանում է նաեւ անջատվող ջերմությունը, որի հետեւանքով բռնկվում են հաղորդալարերի վրայի մեկուսիչները, առաջանում է հրդեհ։
Ծանրաբեռնվածությունն այն երեւույթն է, երբ հաղորդալարերի կտրվածքով անցնում է նախատեսված նորմայից ավելի էլեկտրական հոսանք։ Այդ դեպքում զգալի չափով աճում է հոսանքի ուժը, որին զուգահեռ քառակուսի անգամ ավելանում է նաեւ անջատվող ջերմությունը։ Անջատվող բարձր ջերմությունից բռնկվում է լարերի մեկուսիչ շերտը, առաջանում է հրդեհ։
Փոփոխական լարվածությունները եւ կայծերն առաջանում են հաղորդալարերը մեկը մյուսին, ինչպես նաեւ դրանք էլեկտրասպառիչներին միացնելու տեղերում։ Հաղորդալարերի թույլ միացման տեղերում փոքրանում է լարի կտրվածքը‚ որի հետեւանքով զգալիորեն մեծանում է հաղորդալարերի դիմադրությունը։ Դիմադրության մեծացման հետ աճում է անջատվող ջերմությունը‚ որն առաջացնում է լարերի մեկուսիչների բռնկում եւ հրդեհ։
Փոփոխական լարվածությունները եւ կայծերն ամենից շատ առաջանում են վարդակների մեջ։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ եղանիկը կիպ չի մտնում վարդակի մեջ, միացման տեղը սկսում է տաքանալ, շիկանալ, որից բռնկվում են պլաստմասսայից պատրաստված վարդակներն ու եղանիկները։
Էլեկտրատնտեսության անսարքություններից առաջացած հրդեհների կանխման համար անհրաժեշտ է պահպանել հետեւյալ էլեկտրատեխնիկական եւ հակահրդեհային կանոնները.
- Էլեկտրացանցը պետք է անցկացնեն էլեկտրամասնագետները՝ էլեկտրատեխնիկական եւ հակահրդեհային նորմերի եւ կանոնների համաձայն։ Հաղորդալարերը պետք է հուսալի ամրացվեն հոլովակներին (ռոլիկներին), լինեն ձգված, սարքին վիճակում։ Հատկապես պետք է արգելել ժամանակավոր ցանցերի անցկացումը, ինչպես նաեւ լարերը մեխերով ամրացնելը։ Էլեկտրական ցանցը կարելի է անցկացնել եւ ծածկել ծեփասվաղով։
- Հաղորդալարերի միացումները պետք է կատարել տաք զոդման միջոցով կամ հատուկ սեղմիչների օգնությամբ, լարերի մերկ տեղերը փաթաթել մեկուսիչ ժապավենով։ Էլեկտրական ցանցի ճյուղավորումները, ընդհանրապես կատարվում են պատերի խոռոչներում տեղադրված փոխանցման չայրվող տուփերում, որոնք ծածկվում են կափարիչներով։
- Էլեկտրական ցանցը պետք է ապահովված լինի գործարանային ապահովիչներով, որոնք ըստ գործող էլեկտրատեխնիկական կանոնների՝ հաշվիչի հետ միասին ամրացվում են մարմարից պատրաստված վահանի վրա‚ տեղադրվում պատի խոռոչում եւ ծածկվում չայրվող կափարիչով։ Խստորեն արգելվում է գործարանային ապահովիչների փոխարեն ինքնասարք ապահովիչների, այսպես կոչված "խծուծալարերի" օգտագործումը։
- Գործարանային ապահովիչները դյուրահալ մետաղից են, որոնք ցանցի կարճ միացման կամ ծանրաբեռնվածության ժամանակ բարձր ջերմությունից անմիջապես հալվում են, դրանով իսկ առաջացնում հոսանքի անջատում, հետեւաբար եւ հրդեհի կանխում, իսկ "խծուծալարերը" չեն հալչում եւ չեն անջատում էլեկտրական հոսանքը։ Դեռ ավելին, դրանք ոչ միայն չեն կանխում հրդեհների առաջացումը, այլ ընդհակառակը, հենց իրենք շիկանում են եւ ի վերջո դառնում հրդեհի առաջացման պատճառ։
- Չի թույլատրվում էլեկտրական ցանցին միացնել նորմայից շատ էլեկտրասպառիչներ։ Որպես կանոն վարդակին պետք է միացնել միայն մեկ էլեկտրասպառիչ։ Արգելվում է ինքնասարք էլեկտրական վառարանների, էլեկտրասալօջախների եւ այլ ինքնասարք էլեկտրասպառիչների օգտագործումը։ Էլեկտրասպառիչների էլեկտրական ցանցին միացումներն անհրաժեշտ է կատարել միայն վարդակների, եղանիկների եւ հատուկ ծայրապանակների օգնությամբ։
- Էլեկտրական տաքացման պարագաներն անհրաժեշտ է տեղադրել չայրվող հիմքերի վրա, իրերից եւ առարկաներից մեկ մետրից ոչ պակաս հեռավորությամբ։ Տնից հեռանալիս պետք է անպայման անջատել բոլոր էլեկտրասպառիչները, էլեկտրատաքացման պարագաները։
- Չի թույլատրվում էլեկտրական լամպերը պարփակել թղթով եւ այլ հեշտ բռնկվող նյութերով։
Ցավոք, շատերը‚ դրսեւորելով ավելորդ ինքնավստահություն եւ անտարբերություն, ակամա վտանգի են ենթարկում իրենց կյանքը, կրակի բաժին են դարձնում տարիների աշխատանքով ստեղծած ունեցվածքը։
Վերը նշված պահանջների կատարումն ու պատշաճ զգոնությունը թույլ կտան խուսափել հավանական հրդեհներից, պահպանել ձեր կյանքն ու ունեցվածքը։